Տղամարդիկ իսկապես գրիպն ավելի դժվար են հաղթահարում. բժիշկ

13 դեկտեմբերի, 2017  13:08

Տղամարդիկ շնչառական հիվանդությունների ավելի ծանր ախտանիշներ են ունենում, քան կանայք, պարզել է Կանադայի Նյուֆաունդլենդի Մեմորիալ համալսարանի ընտանեկան բժշկության պրոֆեսոր Քայլ Սյուն:

Սյուն մեծ թվով գիտական աշխատություններ է հետազոտել, որոնք վերաբերում էին, թե ինֆեկցիաներն ինչպես են հաղթահարում տղամարդիկ եւ կանայք: Նա հայտնաբերել է, որ տղամարդիկ շնչառական հիվանդությունների նկատմամբ ավելի թույլ իմունային պատասխանով են օժտված:

«Հնարավոր է՝ տղամարդիկ ախտանիշները չեն ուռճացնում, այլ շնչառական վիրուսների նկատմամբ ավելի թույլ իմունային ռեակցիա ունեն, ինչը հանգեցնում է հիվանդացածության եւ մահացության ավելի բարձր մակարդակի, քան կանանց շրջանում»,- նշել է Սյուն: Այս պատճառով տղամարդկանց մոտ գրիպը եւ մրսածությունը ավելի հաճախ են բարդություններով ուղեկցվում, որոնք կարող են հոսպիտալացում պահանջել կամ նույնիսկ մահվան հասցնել:

Դրանից բացի, կանադացի գիտնականը հարցման տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ հիվանդությունից հետո վերականգնվելու համար տղամարդիկ 2 անգամ ավելի շատ ժամանակի կարիք ունեն:

Նյուֆաունդլենդի Մեմորիալ համալսարանի աշխատակիցը այսպիսի տարբերությունները բացատրում է այն դերով, որը վարակվելիս կատարում են հորմոնները: Էստրոգեն «կանացի» հորմոնը ավելի արդյունավետ է նվազեցնում օրգանիզմի բջիջներում վիրուսի պարունակությունը, մինչդեռ «տղամարդկային» տեստոստերոնը, հակառակը, իմունիտետի ռեակցիան նվազեցնում է:

«Գրիպի դեմ պատվաստման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք նման պատվաստանյութերի նկատմամբ ավելի ընկալունակ են»,- գրում է գիտնականը:

Նա նաեւ նշել է, որ տեստոստերոնի ավելի բարձր մակարդակով տղամարդկանց մոտ  պատվաստման նկատմամբ իմունային ավելի թույլ պատասխան է դիտվել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում