Սերգեյ Խաչատրյանը պատասխանատու է արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագրի ձախողման համար. Հայկ Այվազյան

18 դեկտեմբերի, 2017  16:50

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը ձախողված է, եւ դրա համար պատասխանատու է առողջապահության փոխնախարար, Համաշխարհաին բանկի նախկին աշխատակից Սերգեյ Խաչատրյանը: ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում ՄՊՎ-ի դեմ պատվաստման հարցով լսումների ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ  «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագրի ձախողման պատճառով տասնյակ կանայք մի քանի տարվա ընթացքում հիվանդացել են արգանդի վզիկի քաղցկեղով եւ մահացել:

«Նա նույնպես պատասխանատու է գարդասիլ պատվաստանյութի պատվաստումների համար: Ի՞նչ երաշխիք կա, որ սա եւս չի ձախողի, սակայն արդեն ձախողում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Սերգեյ Խաչատրյանը խուսափում է այս հարցով հանրային քննարկումներից:

Հայկ Այվազյանը նշեց, որ առաջին օրը պատվաստվել է 6 հոգի, իսկ մինչ օրս պատվաստվել է ընդամենը 89 հոգի: «Ես հարց եմ տալիս՝ եթե այդպիսի «հրաշք» պատվաստանյութ է, ո՞ւր են այդ դեպքում հարյուրավոր, հազարավոր բժիշկները: 10 հազարից ավելի բժիշկ կա, որոնք մեծ ուրախությամբ առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը իրենց երեխաներին տարել են պատվաստման, չկան»,- ասաց նա:

Պարզաբանումներ կատարելով արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրի (ՊԱՊ թեստ) վերաբերյալ՝ ԱՆ իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ ծրագիրը պարտադիր բնույթ չի կրում: Այն գործում է 2015 թվականից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, պոլիկլինիկաների բժիշկները կանչում են կանանց եւ առաջարկում ՊԱՊ թեստ հանձնել: Եվ ԱՆ տեղեկությունների համաձայն՝ հայուհիները դժկամությամբ են համաձայնվում այս թեստն անցնել, քանի որ «չեն ցանկանում հիվանդության մասին իմանալ», չեն ցանկանում մեկ ավելորդ անգամ եւս հայտնվել գինեկոլոգիական բազկաթոռին, ժամանակ չունեն եւ այլն: Հենց այս պատճառով ծրագրին կանանց ընդհանուր ներգրավվածությունը ցածր է՝ հետազոտությունն անցել է 30-60 տարեկան մոտ 110 հազար կին, 300 հազարի փոխարեն, որոնց նախատեսվում էր ընդգրկել, եւ այս 300 հազարը տվյալ տարիքային խմբում Հայաստանի կանանց կեսն է:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նույնպես հայ կանանց մեղադրեց ծրագրի ձախողման համար, իսկ հստակեցմանը, որ նրանց ոչ մեկը սքրինինգի չի կանչել, հայտարարեց, որ մյուս տարվանից կանանց կծանուցեն սմս–հաղորդագրությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում