ՄՊՎ դեմ դեկտեմբերից մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ

19 հունվարի, 2018  16:47
2017 թվականի դեկտեմբերի 11-ից պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որեւէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին եւ լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետեւանքով առաջացած բարդությունները, եւ հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաեւ` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Այսօր պատվաստելով Ձեր երեխային, ապագայում կպաշտպանեք նրան քաղցկեղից:

Հիշեք, պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։ Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաեւ Կիեւում եւ Օդեսայում: Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում