Կառավարությունը կքննարկի պրագմատիկ, իրագործելի բոլոր առաջարկությունները. Կարապետյանը՝ դեղագործներին

8 փետրվարի, 2018  20:08

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, արտահանման խթանմանն ու ծավալների ավելացմանը, նոր շուկաների ներգրավմանը, այդ ուղղությամբ պետական օժանդակության գործիքակազմերին առնչվող հարցերի: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հնչեցվել են տարբեր առաջարկություններ:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կքննարկի պրագմատիկ, իրագործելի, առարկայական բոլոր առաջարկությունները՝ հավելելով, որ գործադիրը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների: Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է քննարկված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան քայլեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում