Նոր նյութը կարող է օգնել աուտոիմունային հիվանդությունների դեպքում

20 ապրիլի, 2018  16:56

Washington University School of Medicine-ի ամերիկացի գիտնականները աուտոիմունային հիվանդություններով մարդկանց շրջանում հետազոտել են բորբոքային պրոցեսի առանձնահատկությունները եւ նոր միացություն հայտնաբերել, որը կարող է մեղմել այնպիսի հիվանդությունների ընթացքը, ինչպիսին են փսորիազը, ռեւմատոիդ արթրիտը, գայլախտը եւ ցրված սկլերոզը:

Նախորդ հետազոտությունների ընթացքում բժիշկները պարզել են, որ բակտերիաներին հանդիպելիս օրգանիզմի իմունային բջիջները սկսում են արտադրել իտակոնատ կոչվող նյութը: Նախկինում համարվում էր, որ իտակոնատները, այսպես թե այնպես, նպաստում են բորբոքային պրոցեսին: Սակայն ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ իտակոնատները բորբոքումը չեն սաստկացնում, այլ դրան հակազդում են:

Մասնագետները հույս ունեն, որ օրգանիզմում բորբոքային պրոցեսը կարգավորելու հնարավորությունը կօգնի աուտոիմունային հիվանդությունների դեմ պայքարին:  Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ իտակոնատի մոդիֆիկացված ձեւը հաջողությամբ է հաղթահարել փսորիազը: Գիտնականները պատրաստվում են հետագայում իտակոնատի արդյունավետությունը ստուգել այլ աուտոիմունային հիվանդությունների բուժման մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում