386 մարդ Երեւանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն է անցել (ֆոտո)

21 մայիսի, 2018  14:35

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակում Հյուսիսային պողոտայում մայիսի 20-ին անցկացված միջոցառման ժամանակ 386 մարդ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց և իր կարգավիճակի մասին իմացավ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հանրային միջոցառման նպատակն էր հասարակության լայն շերտերին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության մասին տեղեկացումն ու ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու խրախուսումն էր, նաև հետազոտության հետ կապված հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխումը:

Տեղադրվել էր վահանակ, որի վրա անցորդներին առաջարկվում էր փակցնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ համարվող կարմիր երիզներ՝ ի նշան համաճարակի դեմ պայքարին նրանց միանալու:

Միջոցառման ընթացքում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց և իր կարգավիճակի մասին իմացավ 386 մարդ: Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնում էին ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւս անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, Հեպատիտ Բ և Ց խորհրդատվություն և ստուգում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում