Անգլիական հիվանդանոցում հիվանդներին ափիոնայիններ են տվել մահն արագացնելու համար

21 հունիսի, 2018  10:45

Բրիտանիայում հերթական աղմկոտ սկանդալն է բռնկվում՝ կապված Հեմփշիր կոմսությունում Գոսփորթի հիվանդանոցում ցավազրկող ուժեղ միջոցների ոչ պատշաճ օգտագործման մասին տեղեկությունների հետ, որի հետեւանքով, հնարավոր է, մահացել է ավելի քան 450 հիվանդ:

Անկախ հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ կորած փաստաթղթերը նկատի ունենալով՝ զոհերի թիվը կարող է աճել եւս 200-ով:

1989-2000 թվականներին հիվանդանոցում պատշաճ ուշադրություն չի դարձվել մեծ թվով հիվանդների կյանքը փրկելուն, նշվում է զեկույցում:

Զեկույցում հաստատվում է, որ հիվանդանոցում գոյություն է ունեցել ափիոնային դեղերի վտանգավոր քանակությունների կիրառման կայուն ռեժիմ, ինչն արդարացված չէր բժշկական ցուցումներով: Սա արվել է հիվանդների կյանքի տեւողությունը կրճատելու նպատակով:

Զեկույցում նաեւ նշված է, որ անկախ հանձնաժողովը այս իրադարձությունների քրեական կամ քաղաքացիական պատասխանատվություն չի սահմանում: Դա մտնում է դատական մարմինների իրավասությունների մեջ:

Մահացած հիվանդների ազգականները հայտարարել են, թե հույս ունեն, որ զեկույցի հրապարակումը կհանգեցնի մեղավորներին պատժելուն եւ ճշմարտության հաստատմանը:

Զեկույցում նշվում է, որ մահացածների ընտանիքները երկար տարիներ բուժհաստատություններից եւ պետական մարմիններից իրենց գանգատներին պատասխաններ չեն ստացել:

Առայժմ միակ մարդը, ում կարգապահական պատասխանատվության են ենթարկել, բժիշկ Ջեյն Բարթոնն է, որը մեղավոր է ճանաչվել 1996-1999 թվականներին Հեմփշիրում հիվանդանոցի 12 հիվանդներին բուժելիս անփութության մեջ:

Նրան, սակայն, դատի չեն տվել եւ չեն զրկել մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նա թոշակի է անցել կարգապահական լսումներից կարճ ժամանակ անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում