«Գուլիվերը» խորամանկո՞ւմ է. Լիանա Թորոսյանը մեկնաբանել է մանկապարտեզի՝ դատի տալու սպառնալիքներով բաց նամակը

9 օգոստոսի, 2018  19:30

«Գուլիվեր»-ի ղեկավարության, ինչպես նաեւ փաստաբանի մոտ հուլիսի սկզբից կան բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ խոհարարի մոտ շիգելայի ԴՆԹ է հայտնաբերվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ մեկնաբանելով «Գուլիվեր» մանկական ակումբի բաց նամակը, որտեղ մանկապարտեզի փաստաբանը կոչ է արել Ազգային կենտրոնին հերքմամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ «Գուլիվեր»-ի խոհարարի մոտ շիգելայի ԴՆԹ է հայտնաբերվել:

Մոտ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 7-ին, «Գուլիվեր»-ի փաստաբանը հանդես էր եկել բաց նամակով, որում այս տեղեկությունն իրականությանը չհամապատասխանող էր անվանել՝ հայտարարելով, որ «այս հայտարարությունը հաստատող բժշկական եզրակացություն չկա եւ չի կարող լինել»: Փաստաբանը նաեւ նշել էր, որ նման վիրավորական հայտարարությունները ստիպում են դատարան դիմել, եւ այս կապակցությամբ «Գուլիվեր»-ի պաշտպանությունը հորդորում է Ազգային կենտրոնին հերքմամբ հանդես գալ:

Լիանա Թորոսյանի խոսքով` հունիսի 22-ին եւ 25-ին «Գուլիվեր» մանկական ակումբի երեխաների եւ աշխատակիցների շրջանում լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, ընդ որում, այդ նպատակով կիրառվել է ինչպես դիզենտերիայի ախտորոշման միկրոբիոլոգիական, այնպես էլ պոլիմերազային շղթայական ռեակցիայի ժամանակակից մեթոդը (ՊՇՌ): Թորոսյանը նշեց, որ ՊՇՌ-ն՝ որպես մոլեկուլային կենսաբանության մեթոդ, ավելի ճշգրիտ արդյունք է տալիս: Հենց դրա շնորհիվ էլ հաջողվել է խոհարարի մոտ հայտնաբերել շիգելայի ԴՆԹ-ն:

«Խոհարարին դնենք մի կողմ, եթե մարդը հանդիպել է այդ ազդակին, օրգանիզմը կրում է դա... Ավելի վտանգավոր է մարդը դառնում շրջապատի համար, երբ որ նա հարուցիչը կրում է, բայց հիվանդության որեւէ արտահայտում չունի»,- ասաց Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Ազգային կենտրոնի մասնագետների կողմից խոհարարը, «Գուլիվեր»-ում հայտնաբերված այլ բացթողումների հետ միասին, որպես ռիսկի գործոններից մեկն է դիտարկվում. խոսքը ժամկետանց ապրանքների, ջրի քուլերների կեղտոտ ֆիլտրերի եւ այլնի մասին է:

Թորոսյանը տեղեկացրեց, որ հուլիսին, ի պատասխան համապատասխան դիմումների, լաբորատոր անալիզները (մեթոդաբանությունը նշելով) տրամադրվել են «Գուլիվեր»-ի ղեկավարությանն ու փաստաբանին: Այդ փաստաթղթերում նույնպես նշվել է խոհարարի մոտ շիգելայի առկայության փաստը: Մեկնաբանելով «Գուլիվեր»-ի ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ առկա եզրակացությունները չեն հաստատում խոհարարի մոտ շիգելայի առկայության փաստը, Թորոսյանը նշեց, որ այս եզրակացությունը հերքող անալիզները պետք է կատարվեն նույն, այսինքն՝ ՊՇՌ-ի մեթոդով, ընդ որում, որոշակի ժամկետներում: Այս կապակցությամբ նա չբացառեց, որ «Գուլիվեր»-ի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հիմնվում են միկրոբիոլոգիական ախտորոշման մեթոդի տվյալների վրա:

Փորձագետը մեկնաբանեց նաեւ «Գուլիվեր»-ի՝ դատարան դիմելու պատրաստակամության մասին հայտարարությունները. «Գոյություն ունեն փաստեր՝ «Գուլիվեր»-ի հիվանդ երեխաները: Մեր կողմից իրականացվել են մեր կանոնադրությանը եւ մեր լիազորություններին համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Ես չեմ կարող հասկանալ նրանց հայտարարությունների տոնայնությունը: Մենք իրականացրել ենք մեր մասնագիտական գործունեությունը, եւ կատարված որոշակի աշխատանքների արդյունքում մեզ հաջողվել է կանխել հիվանդության տարածումը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ առողջապահության նախարարությունը, «Գուլիվեր» մանկապարտեզում գրանցվել էր սանիտարահիգիենիկ ստանդարտների խախտում, ինչի արդյունքում հիվանդացել էր այս նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխա: Նրանցից 22-ի մոտ շիգելայի ԴՆԹ էր հայտնաբերվել, իսկ 9-ի մոտ միկրոբիոլոգիական հետազոտությունների շնորհիվ՝ շիգելեզ (դիզենտերիա):

«Գուլիվեր» մանկապարտեզում դիզենտերիայի վարակի աղբյուր կարող էր լինել խոհարարը. Լիանա Թորոսյան

«Գուլիվեր» մանկապարտեզը պահանջում է հերքել խոհարարի մոտ շիգելայի ԴՆԹ–ի հայտնաբերման լուրը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում