Փորձագետի 5 խորհուրդ, թե ինչպես արեւային այրվածք չստանալ

16 օգոստոսի, 2018  22:17

Արձակուրդային սեզոնը բարձրակետին է, եւ շատերը ծով են ուղեւորվում արեւի եւ նոր տպավորությունների համար: Սակայն հաճախ գեղեցիկ արեւայրուք ստանալու ցանկությունն ավարտվում է արեւային այրվածքով եւ երկարատեւ բուժմամբ:

Մաշկավեներոլոգ Սահակ Հակոբյանի հետ NEWS.am Medicine-ը զրուցել է այն մասին, թե ինչ կանոնների է պետք հետեւել սեփական հանգիստը չփչացնելու համար:

Խորհուրդ է տրվում արեւահարվել առավոտյան ժամերին եւ 15:00-ից հետո: Կեսօրից մինչեւ ցերեկվա ժամը 3-ը արեգակի ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման ժամանակն է, երբ արեւի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ գտնվելը չափազանց անցանկալի է: Նրանք, ովքեր սպիտակամաշկ են կամ մարմնի վրա խալեր ունեն, արժի հատուկ ուշադրություն դարձնել անվտանգության միջոցառումներին եւ արեւային այրվածքների առաջացում թույլ չտալ: Անհրաժեշտ է մաշկն անպայման պաշտպանել հատուկ քսուքներով եւ յուղերով: Շատերի սխալն այն է, որ նրանք արեւապաշտպան քսուք օգտագործելուց անմիջապես հետո ջուրն են մտնում: Մինչդեռ մասնագետը խորհուրդ է տալիս 30-40 րոպե սպասել, որ քսուքը հասցնի մաշկի մեջ ներծծվել: Լողափում գտնվելիս չի կարելի անտեսել անվտանգության պարզագույն միջոցառումները՝ արեւային հարված չստանալու համար. նստել հովանոցի տակ, գլխարկ դնել: Արեւային այրվածքի դեպքում անհրաժեշտ է օգտագործել հակաբորբոքային եւ վերականգնող քսուքներ, շատ հեղուկ խմել: Ինչ վերաբերում է հանրահայտ ժողովրդական մեթոդին՝ մաշկին մածուն քսելուն, ապա մածունը (ինչպես նաեւ թթվասերը կան յոգուրտը) չեն բուժում, այլ միայն մաշկի զովացման հաշվին ժամանակավոր էֆեկտ են ստեղծում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում