Վաղ շրջանում կրծքով կերակրումը նորածինների մոտ նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման լավ միջոց է. գլխավոր նեոնատոլոգ

28 օգոստոսի, 2018  19:53

Վաղ շրջանից սկսած կրծքով կերակրելը կարող է վտանգավոր հիվանդության՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի լավ կանխարգելում հանդիսանալ, որը խոցում է վաղածին մանուկներին եւ շատ հաճախ մահվան է հանգեցնում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Մասնագետի խոսքով՝ նեկրոտիկ էնտերոկոլիտի պաթոգենեզի եւ զարգացման պատճառների մասին դեռ շատ բան հայտնի չէ, սակայն հայտնի է, որ որքան փոքր է երեխայի գեստացիոն տարիքը, այս հիվանդության զարգացման վտանգն այնքան ավելի բարձր է: Հայտնի է նաեւ, որ վաղածին երեխային վաղ շրջանից կրծքով կերակրելը նվազեցնում է այս հիվանդության զարգացման վտանգը: Համարվում է, որ արհեստական սնունդ ստացող վաղածին երեխանորի մոտ նեկրոտիկ էնտերոկոլիտի զարգացման վտանգն ավելի բարձր է:

«Նեոնատոլոգները պետք է խրախուսեն մայրերին որքան հնարավոր է շուտ սկսել քամել կրծի կաթը եւ տալ հիվանդ երեխաներին», - նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ վաղածին երեխաների կերակրման այսօրվա մոտեցումները տարբերվում են դասագրքերում նկարագրված մոտեցումներից. դեռ 10 տարի առաջ համարվում էր, որ ծանր վիճակում գտնվող վաղածին երեխաներին չի կարելի կերակրել կրծքի կաթով առնվազն 5-7 օր: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ շրջանից կրծքի կաթով կերակրելը նվազեցնում է այդ երեխաների վարակվածության հաճախականությունն ու այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

Ուստի այսօր վաղածին երեխաների խնամքի մոտեցումները փոխվել են. նրա վիճակի կայունացումից անմիջապես հետո՝ ծնվելուց հետո առաջին իսկ օրվա ընթացքում, պետք է սկսել մինիմալ էնտերալ կերակրումը՝ երեխային գոնե մի քանի կաթիլ կրծքի կաթ տալ:

Նեկրոտիկ էնտերոկոլիտը ծանր հիվանդություն է. այն առաջանում է հիպոքսիկ-իշեմիկ վնասվածքից, որի հետեւանքով նորածնի (սովորաբար վաղածին) մոտ աղիքային հյուսվածքի նեկրոզ է սկսվում: Ժամանակին ախտորոշել հիվանդությունը, մասնագետի խոսքով, չափազանց դժվար է, քանի որ սկզբում այն հատուկ ախտանշաններ չունի, իսկ երբ այդ ախտանշանները հայտնվում են, արդեն շատ ուշ է լինում:

Աշխարհում նորածինների մահացության դեպքերի մոտ 50-60 տոկոսը կապված է այս հիվանդության հետ: Սակայն Ավստրիայում կանխարգելման եւ բուժման ժամանակակից մոտեցումների շնորհիվ մահացությունը 2-3 տոկոսով կրճատվել է: Այս մոտեցումները ներդրվում են նաեւ Հայաստանում, ինչը կօգնի կրճատել նեկրոտիկ էնտերոկոլիտից մահացությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում