Երաժշտությունը դրական է ներգործում տարեցների հիշողության վրա

20 նոյեմբերի, 2018  09:29

Երաժշտությունը դրական է ներգործում տարեցների հիշողության վրա: Արեւմտյան Վիրջինիայի համալսարանին առընթեր Առողջապահության դպրոցից բժիշկ Քիմ Ինեսի ղեկավարությամբ անցկացված հետազոտության մեջ նշվում է երաժշտություն ունկնդրելու եւ մեդիտացիայի դրական արդյունքի մասին:

Գիտնականների կարծիքով՝ բարերար արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ հիշողության կորստով տարեցների շրջանում երաժշտությունը եւ մեդիտացիան կարող են փոխել բջջային ծերացման եւ Ալցհեյմերի հիվանդության որոշ բիոմարկերներ: Սրա հետեւանքը կարող է լինել ոչ միայն հիշողության, այլեւ իմացական ընդունակությունների, քնի եւ տրամադրության որակի բարելավումը:

Հետազոտությանը ներգրավվել է կոգնիտիվ ունակությունների սուբյեկտիվ նվազմամբ  (subjective cognitive declin, SCD) 60 տարեց: Նման վիճակ կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության մինչկլինիկական փուլում:

Կամավորներին բաժանել են երկու խմբի՝ մեկը զբաղվել է մեդիտացիայով, մյուսը՝ ունկնդրել երաժշտական ծրագիր: Այս զբաղմունքին 12 շաբաթ օրական 12 րոպե է հատկացվել:

Պարզվել է, որ զգալիորեն բարելավվել են բոլոր փորձարկվողների հիշողությունն ու կոգնիտիվ ունակությունները: Ընդ որում՝ դրական արդյունք է դիտվել անգամ վեց ամիս անց:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում