Ռիսկային վարքագծի նկատմամբ սերը գեներում է դրված

20 հունվարի, 2019  12:15

Սիրո՞ւմ եք ռիսկի դիմել եւ չե՞ք վախենում հնարավոր հետեւանքներից. ըստ գիտնականների՝ պատճառը ձեր գեներում է:

Ինչպես նշվում է Nature Genetics պարբերականում հրապարակված հետազոտության մեջ, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են ավելի քան մեկ միլիոն մարդու գենոմներ: Այնուհետեւ գիտնականները համադրել են ստացված տվյալները ռիսկային վարքագծի նկատմամբ այդ մարդկանց հակվածության հետ: Արդյունքում մասնագետները առանձնացրել են գենոմի 99 առանձին հատվածներ եւ 124 կետային մուտացիաներ, որոնք պատասխանատու են ռիսկային վարքագծի համար:

Այդ մուտացիաներով մարդիկ ավելի հաճախ են հակված այնպիսի գործողությունների, ինչպիսիք են արագության գերազանցումը, հարբեցողությունը, ծխախոտի եւ կանեփի օգտագործումը, ռիսկային ներդրումներն ու չպաշտպանված սեքսը: Մինչդեռ նմանօրինակ մուտացիաներ ի հայտ են բերվել նաեւ շիզոֆրենիայի եւ ուշադրության պակասի խանգարման ու գերակտիվության դեպքերում:

Հատկանշական է, որ գիտնականները կապ չեն գտել ռիսկի դիմելու հակվածության եւ «հաճույքի հորմոնների»՝ դոֆամինի եւ սերոտոնինի՝ ուղեղում արտադրման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում