Դեռահասի մոտ շիզոֆրենիա է զարգացել կատվի ճանկռելուց հետո

20 մարտի, 2019  09:37

Ամերիկացի բժիշկները բախվել են արտասովոր դեպքի հետ. 14-ամյա դեռահասի մոտ շիզոֆրենիայի ախտանիշներ են առաջացել այն բանից հետո, երբ տնային կատուն նրան ճանկռել է: Հիվանդության պատճառը Bartonella henselae բակտերիան էր:

Մերձավորները ուշադրություն են դարձրել պատանու վարքագծի փոփոխության վրա, սակայն դա վերագրել են դեռահաս տարիքին հատուկ դեպրեսիային: Դեռահասը, ում անունը չի հրապարակվում, տրամադրության տատանումներ եւ ագրեսիայի բռնկումներ էր ունենում: Ժամանակի ընթացքում նա խոսելու փորձեր էր կատարում, բայց խոսքը անկառավարելի էր ու չկապակցված:

Դեռահասը հոսպիտալացվել է ինքնասպանության փորձից հետո, եւ բժիշկներն ախտորոշել են հոգեկան ախտանիշներով դեպրեսիվ խանգարում: Չնայած ստացիոնար բուժումը որոշակի արդյունք է ունեցել, տուն վերադառնալուց հետո վիճակը վատթարացել է. նրա մոտ սկսվել են լսողական եւ տեսողական զգայախաբություններ, նրան թվում էր, թե հետապնդվում է անդրշիրիմյան ուժերի կողմից: Սրա ֆոնին պատանին դադարել է հետեւել հիգիենայի կանոններին, նրա մոտ սկսվել է ակամա միզարձակում:

Այս անգամ բժիշկները շիզոֆրենիա են ախտորոշել եւ նշանակել հակադեպրեսանտներով ու հոգեմետ դեղամիջոցներով բուժում: Սակայն դեղորայքային բուժումը սպասված արդյունքը չի տվել:

Մեկ տարի հետո ծնողները ուշադրություն են դարձրել դեռահասի մաշկածածկույթի խանգարումների վրա: Այս անգամ մասնագետները կատարել են ճիշտ ախտորոշում՝ նեյրոբարտոնելեզ, որը կատվից Bartonella henselae բակտերիայով վարակվելու հետեւանք էր: Հակասնկային դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով բուժումից հետո պատանին լիովին առողջացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում