Գտնվել է կապ աուտիզմի եւ աղեհամակարգի միկրոֆլորայի միջեւ

1 հունիսի, 2019  21:00

Գիտնականները կապ են գտել աուտիզմի եւ աղեհամակարգի միկրոֆլորայի միջեւ։

Գիլ Շարոնը (Gil Sharon) Փասադենայի Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից նշում է. գիտնականներին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես են միկրոֆլորայի տարրերը փոխել ուղեղի բջիջներում գեների աշխատանքը՝ դրանով իսկ առաջ բերելով աուտիզմ։

Փորձերն իրականացվել են սեփական միկրոֆլորայից զրկված կրծողների վրա։ Լաբորատոր կրծողներին առողջ մարդկանց ու աուտիստների միկրոբներ պատվաստելով գիտնականները վերլուծել են նրանց ուղեղում եւ վարքագծում տեղի ունցող հետագա փոփոխությունները։ Արդյունքում՝ «վարակված» փորձնամկները սկսել են քիչ շփվել ցեղակիցների հետ, քիչ ձայներ արձակել եւ միաժամանակ ավելի շատ են կատարել միեւնույն շարժումները։

Պարզվել է, որ աուտիզմի ախտանշանների վրա առավել խիստ ազդել է որոշ մանրէների քանակությունը։ Այսպես, Bacteroides ovatus-ը եւ Parabacteroides merdae-ն բացակայել են աուտիստ կրծողների աղեհամակարգում, այն դեպքում, երբ Eisenbergiela tayi-ի քանակությունն ավելացել է։ Գիտնականների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ աուտիստների օրգանիզմում գերակշռող միկրոբները արտադրում են զգալիորեն ավելի քիչ տաուրինի մոլեկուլներ եւ 5-ամինովալերիանային թթուներ։ Իսկ դրանց չափաբաժնի ավելացումը մեղմել է աուտիզմի ախտանշանները փորձնամկների մոտ։

Փորձերի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում