Հայաստանում մայրական մահացության ցուցանիշները նվազել են

24 հունիսի, 2014  15:38

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշները նվազել են. եթե 90-ականներին, ըստ միջին եռամյա տվյալների, Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը եղել է 40՝ 100 000 ծնունդից, ապա վերջին երեք տարիների ընթացքում այն նկատելիորեն նվազել է եւ կազմել է ընդամենը 19.2: Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, եթե այս ցուցանիշը շարունակի նվազել, մինչեւ 2015 թվականը Հայաստանին հավանաբար կհաջողվի հասնել հազարամյակի նպատակներին:

Ինչպես նշեց Կարինե Սարիբեկյանը, անցյալ երեք տարիների ընթացքում երկրում գրանցվել է ընդամենը 22 մայրական մահացության դեպք. 2011 թվականին եղել է 4 դեպք, 2012-ին՝ 10 դեպք, իսկ 2013-ին՝ 8 դեպք: Ինչ վերաբերվում է 2014 թվականին, վեց ամիսների ընթացքում գրանցվել է միայն մեկ դեպք:

«Ցուցանիշի նվազման մասին փաստում են ոչ միայն մեր ազգային պաշտոնական տվյալները, այլ նաեւ միջազգային փորձագիտական գնահատականները», - նշեց Կարինե Սարիբեկյանը:

Վերջին տարիներին մայրական մահացության պատճառների մեջ էլ են փոփոխություններ կատարվել՝ կրճատվել է մանկաբարձական դեպքերի թիվը (այսինքն, կանայք ավելի հազվադեպ են մահանում ծննդաբերության ժամանակ կամ հետծննդաբերական շրջանում՝ արյունահոսություններից կամ, օրինակ, սեփսիսից), սակայն միեւնույն ժամանակ աճել է էքստրագենիտալ պաթոլոգիաների պատճառով մահերի թիվը (մահ ինֆարկտից կամ մենինգիտից՝ եթե դա համընկել է հղիության կամ ծննդաբերության հետ):

Ի դեպ, ԱՊՀ երկրներում մայրական մահացության միջին ցուցանիշը 29.3 է՝ 100 000 կենդանի ծնունդի հաշվարկով, բայց Եվրոպական երկրների միջին ցուցանիշը 8 է, այսպիսով, Հայաստանի ցուցանիշը Եվրոպական երկրների ցուցանիշից դեռ երկու անգամ մեծ է, եւ դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ այդ ցուցանիշին հասնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 2001 թվականին ընդունված հազարամյակի հռչակագրի՝ երկրների առջեւ հազարամյակի ութ նպատակ է դրված, որոնցից երեքը վերաբերվում են առողջապահության ոլորտին: Դրանք են.

--Մինչեւ 2015 թվականը մայրական մահացության ցուցանիշի կրճատումը 3/4-ով՝ 90-ական թվականների համեմատ (13 պրոմիլլեից ցածր պետք է լինի);

--Մինչեւ հինգ տարեկան երեխաների մահացության ցուցանիշի կրճատումը 2/3-ով (մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը պետք է 10 պրոմիլլեից ցածր լինի, իսկ մինչեւ 1 տարեկաններինը՝ 8 պրոմիլլեից ցածր);

--Եւ տուբերկուլոզի, մալարիայի, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակների կրճատումը ողջ աշխարհում:

Որոշ երկրներ արդեն հասել են այս նպատակներին, իսկ Հայաստանը դեռ ճանապարհին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում