Արմեն Մուրադյանը ԱՀԿ եվրոպական ներկայացուցչի հետ քննարկել է համատեղ ծրագրերը

8 հուլիսի, 2014  18:32

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կոպենհագենում  հանդիպել է Առողջապահության համաշխարհային  կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի, բոլոր վարչությունների տնօրենների եւ փորձագետների հետ:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի բնակչության առողջության բարելավման ուղղությամբ ՀՀ Նախագահի եւ կառավարության ծրագրերը, ինչպես նաեւ մատնանշել այն խնդիրները, որոնք պահանջում են համակարգված համագործակցություն եւ համատեղ գործողություններ: ԱՀԿ ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են  հայտնել առաջադրված նպատակների, թիրախների եւ առաջնահերթությունների վերաբերյալ` հայտնելով ԱՀԿ առաքելության եւ կարողությունների շրջանակներում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման մասնակիցներն Արմեն Մուրադյանին մանրամասն ներկայացրել են հանրային առողջության բոլոր ուղղություններով ԱՀԿ քաղաքականությունը, ռազմավարությունները, գործողություններն ու կարողությունները:

ԱՀԿ  ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ համատեղ ծրագրերի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումներին, խոսել այն խնդիրների մասին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի առջեւ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համատեղ այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն գործող 2014- 2015 թվականների երկամյա համաձայնագրի շրջանակում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում