Ամենաուշագրավը շաբաթվա ընթացքում. Ի՞նչ եք բաց թողել 2020 թվականի փետրվարի 16-22-ը

23 փետրվարի, 2020  11:48

Ի՞նչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել բժշկության աշխարհում 2020 թվականի փետրվարի 16-22-ը: Ո՞ր լուրերը Դուք, գուցե, բաց եք թողել:

COVID-19 կորոնավիրուս

Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել: Իրանում գրանցվել է 18 դեպք, որոնցից 4-ը՝ մահվան ելքով:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի (CCDC) գիտնականները հրապարակել են COVID-19 կորոնավիրուսի խոշորագույն հետազոտության արդյունքները. պարզ է դարձել, թե որ սեռի եւ տարիքի մարդիկ են ավելի հաճախ վարակվում:

Մյուս հետազոտողները պարզել են, որ COVID-2019 կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում. նրանց մոտ ավելի բարձր է վարակվելու եւ բարդությունների զարգացման ռիսկը:

Հայաստանում

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը:

Փետրվարի 19-ին կյանքից հեռացել է հանրահայտ անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Բունյաթյանը:

Մարտի 7-ին 19:00-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում  տեղի է ունենալու «Դու մենակ չես» բարեգործական համերգը, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է կրծքագեղձի քաղցկեղով հայուհիների բուժմանը:

Ուշագրավ դեպքեր

Ֆրանսիայից 34-ամյա կինը պատմության մեջ առաջինն է, որը ծննդաբերել է երեխա սառեցված ոչ հասուն ձվաբջիջների կիրառմամբ ԱՄԲ-ի օգնությամբ:

Սաբրինա անունով 39-ամյա կինը համաձայնվել է դառնալ փոխնակ մայր եւ երեխա լույս աշխարհ բերել իր չբեր դստեր համար:

Զութակահարուհի Դագմար Թերները ջութակ է նվագել, երբ բժիշկները վիրահատություն են անցկացրել նրա ուղեղի վրա:

Ավստրալիայից 68-ամյա Փիթեր Ուիլսոնն իմացել է իր մոտ մաշկի քաղցկեղի մասին բջջային հավելվածի շնորհիվ:

Բրազիլիայում 6-ամսական աղջիկը քիչ էր մնում մահանար հեռախոսի լիցքավորման լարը կծելու պատճառով. հոսանքի հարվածի հետեւանքով ստացած այրվածքների պատճառով նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: 

Հետազոտություններ

Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյը նյութ է պարունակում, որը արգելափակում է քաղցկեղի բջիջների աճի համար անհրաժեշտ ֆերմենտը:

Ֆուտբոլը կարող է վտանգավոր լինել տեսողության համար. Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ եթե մարդը ֆուտբոլ խաղալիս գնդակը պարբերաբար հետ է մղում գլխով, նրա ուղեղում կարող են ի հայտ գալ տեսողության վրա ազդող փոփոխություններ:

CoQ10-ի օգտագործումն օգնում է նվազեցնել մաշկի ծերացման նշանները, պաշտպանել օրգանիզմը հիվանդություններից՝ կապված օքսիդատիվ սթրեսի հետ:

Կարտոֆիլի օրական օգտագործումը օրգանիզմն ապահովում է կալիումով, բջջանյութով եւ այլ օգտակար նյութերով, ինչպես պարզել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։

Կանաչ թեյի էքստրակտը եւ ֆիզիկական վարժությունները կարող են նվազեցնել լյարդի ճարպային անբուժելի հիվանդության ծանրությունը 75 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում