Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել ձեռքերի վիճակը

1 հունիսի, 2021  19:32

Ձեռքերի եւ եղունգների տեսքը կարող է վկայել մի շարք հիվանդությունների մասին, կարծում է թերապեւտ Տուվա Ամութանը (Մեծ Բրիտանիա):

Ըստ նրա` օրինակ, մանուշակագույն կետերի, ելունդների կամ բծերի առկայությունը ձեռքերի վրա կարող է ինֆեկցիոն էնդոկարդիտ նշանակել, որի դեպքում սրտի ներքին թաղանթը բորբոքվում է: Այդպիսի նորագոյացություններն Օսլերի հանգույցներ են կոչվում եւ կարող են բակտերիալ էնդոկարդիտի մաշկային հազվագյուտ ախտանիշ լինել:

Եղունգների վրա մուգ շագանակագույն բծերը կարող են մելանոմայի` մաշկի չարորակ ուռուցքի նշան լինել: Դրանք կարող են նաեւ վկայել գայլախտ կամ ՄԻԱՎ-ի մասին: Սակայն որոշ դեպքերում նման բծեր կարող են հայտնվել որոշակի դեղամիջոցներ ընդունելու պատճառով եւ ամբողջովին անվնաս լինել:

Իր հերթին, մատների գունատ եւ թմրած ծայրերը կարող են վկայել Ռայնոյի սինդրոմի առկայության մասին, որը բնութագրվում է վերջույթների անոթներում զարկերակային համակարգի խանգարմամբ ցրտի կամ էմոցիոնալ հուզմունքի ազդեցության տակ:

«Երբեմն ախտանիշները կարող են առաջանալ ինքնաբերաբար, եւ մենք հստակ չգիտենք, թե ինչու է դա պատահում»,- խոստովանել է Ամութանը:

Եղունգների հատվածում մատների հաստացումը կարող է վկայել թոքերի քաղցկեղի կամ թոքերի այլ քրոնիկ հիվանդությունների մասին, ինչպիսիք են բրոնխոէկտազը, աբցեսները, էմֆիզեման եւ մուկովիսցիդոզը:Ուռած ձեռքերն աղիքային բորբոքման ախտանիշներից մեկն են: Աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող են ձեռքերի եւ ոտքերի հոդերի ուռուցք եւ ցավեր առաջանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում