Օմելան որպես օգտավետ միջոց քաղցկեղի դեպքում

21 դեկտեմբերի, 2013  12:04

Կիսապարազիտ բույս օմելան (սպիտակ Ճագոմ) աճում է  մեծ տարածում ունեցող տարբեր ծառերի վրա, այդ թվում խնձորենու, կաղնու, սոճու եւ կնձնու: Ավանդական բժշկության մեջ օմելան օգտագոծվել է հին հույների եւ դրուիդների կողմից, եւ մեծ տարածում  է ունեցել որպես բոլոր հիվանդություները բուժող դեղամիջոց:

Եվրոպայում այս դեղամիջոցը դարերի ընթացքում կիրառվել է էպիլեպսիայի, հիպերտոնիայի (գերճնշման), գլխացավերի, դաշտանադարի, անպտղության, հոդաբորբերի եւ ռեւմատիզմի բուժման համար: 1920-ական թվականներից, օմելան հետազոտվել է նաեւ քաղցկեղի տարբեր ձեւերի, հատկապես սոլիդ ուռուցքների, բուժման համար:

Օմելան խթանում է իմունային համակարգի ակտիվությունը, որն ավելացնում է իմունային բջիջների արտադրությունը: Քաղցկեղի դեմ կիրառման ժամանակ, թուրմը ներմուծվում է ենթամաշկային, ներերակային  կամ անմիջականորեն ուռուցքի մեջ ներարկումների տեսքով, տեղեկացնում է Fox News-ը։

Օմելայի եւ քաղցկեղի թեմայով  հետազոտություններ իրականցվել են ամբողջ Եվրոպայում, առաջին հերթին Գերմանիայում:Մի շարք դեպքերում օմելան արդյունավետություն է ցուցաբերել քաղցկեղի դեմ: Այնուամենայնիվ Միացյալ Նահանգների քննադատները կարծում են, որ կա՛մ այս հետազոտությունները շատ փոքրաշավալ են, կա՛մ սխալ են մշակված:

1993- 2000 թվականներին կատարված հետազոտության ընթացքում գիտնականները կոլոռեկտալ (ուղիղհաստաղիքային) քաղցկեղով 800 հիվանդին տալիս էին Iscador առեւտրային անվանումով օմելայի թուրմ: Նրանք բոլորն անցել էին քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում: Հետազոտողները բացահայտեցին, որ Iscador ստացած հիվանդներն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, ավելի թեթեւ ախտանշաններ եւ ավելի բարձր ապրելիություն ունեին:

Այս եզրակացությունը համընկնում է այլ հետազոտությունների տվյալների հետ, որտեղ ասվում է, որ օմելայով բուժումը կարող է  նվազեցնել բուժման այլ դասական եղանակների, օրինակ՝ քիմիոթերապիայի անցանկալի ազդեցություններն ու դիսկոմֆորտի զգացողությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում