Փաստեր եւ մոլորություններ՝ սուրճի մասին

3 հոկտեմբերի, 2014  11:09

Սուրճի ամերիկյան ասոցիացիայի գնահատմամբ, ըմպելիքից ԱՄՆ չափահաս բնակիչների շուրջ 83 տոկոսն է օգտվում: Թեեւ շատերն են պնդում, որ սուրճի օգտագործումը պետք է վնասակար սովորությունների շարքին դասել, դիրքորոշման հիմքում մի շարք մոլորություններ կան, որոնցից մի քանիսը ստորեւ կարող եք գտնել.

Սուրճը կախվածություն է առաջացնում

Այս պարագայում ամեն ինչ «կախվածություն» եզրույթի ընկալումից է կախված: Ճիշտ է՝ սուրճը կոֆեին է պարունակում, ինչը նյարդային համակարգին խթան հաղորդելու ներուժ ունի: Ու թեեւ ըմպելիքի կանոնավոր սպառման պարագայում որոշակի ֆիզիկական կախվածություն կարող է առաջանալ, փորձագետների մեծ մասի հավաստիացմամբ, թմրանյութերի կամ ալկոհոլի սպառման նկատմամբ հակումը, մեղմ ասած, անհամեմատելի է դրա հետ:

Սուրճը կարող է քաշի կորստի հանգեցնել

Սուրճի բաղադրության մեջ մտնող կոֆեինը նյութափոխանակությանը 11 տոկոսի չափով արագացում հաղորդելու եւ ախորժակ ճնշելու հատկություն ունի: Բացի այդ, այն նաեւ ճարպերի օքսիդացմանը՝ էներգիայի աղբյուրի վերածմանն է նպաստում, հավաստիացնում է FoxNews-ը:

Չափից դուրս շատ սպառման դեպքում սուրճը կարող է մահվան ռիսկի ավելացման հանգեցնել

Հարվարդի համալսարանին կից հանրային առողջության դպրոցը ներկայացնող գիտնականները սուրճի սպառման ծավալների եւ մահվան ռիսկի ավելացման միջեւ ոչ մի կորելյացիոն կապ չեն հայտնաբերել: Այդուհանդերձ, որքա՞ն սուրճն է չափից դուրս շատ համարվում: Փորձագետների պնդմամբ, օրական մինչեւ 400 մգ ծավալով կոֆեինը միանգամայն անվտանգ է մարդու առողջության համար, մինչդեռ միջին ամերիկացին ընդամենը 200 մգ է ընդունում, ինչը մոտավորապես 3 բաժակ սուրճին է հավասար:  

Օրվա ընթացքում սուրճ խմելով՝ գիշերային ժամերին անքնության առաջացում կարելի է հրահրել

Օրգանիզմին ընդամենը 4-5 ժամ է հարկավոր՝ սուրճի գլխավոր բաղադրիչից՝ կոֆեինից ազատվելու համար: Այդուհանդերձ, լավ կլինի՝ վերջին բաժակը անկողին մտնելուց 6 ժամ առաջ խմեք:

Սուրճը որոշ հիվանդությունների դեմ պայքարի միջոց է հանդիսանում

Հետազոտությամբ ապացուցվել է, որ սուրճի օրական սպառումը հաստ աղիքի եւ կրծքագեղձի քաղցկեղի, երկրորդ տիպի շաքարախտի, ինչպես նաեւ Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունների դեմ կանխարգելիչ պայքարի միջոց է հանդիսանում: Բացի այդ, այն կարող է նաեւ գլխացավը վերացնելու, դեպրեսիան հաղթահարելու եւ, ինչպես Հարվարդի համալսարանականներն են պարզել, թե կանանց, եւ թե տղամարդկանց մոտ ինքնասպանության դիմելու ռիսկը 50 տոկոսի չափով նվազեցնելու նպատակով կիրառվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում