Այս տարի նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրում

2 փետրվարի, 2024  20:39

Նախատեսվում է 2024 թվականին  իմունիզացիայի ազգային ծրագրում ջրծաղիկի դեմ պատվաստանյութ ներդնել, ինչի արդյունքում այս վարակը մեր երկրում կառավարելի կդառնա: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին ԵՊԲՀ-ում անցկացված  «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում, կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովի ժամանակ հայտնեց համաճարակաբան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը:

Համաճարակաբանների ներկայացրած զեկույցի համաձայն, առաջակրվում է 15 տարեկան նախազորակոչային տարիքի դեռահասների շրջանում ջրծաղիկի դեմ երկու դեղաչափի իրականացում՝4-8 շաբաթ միջակայքով՝ քանի որ ջրծաղիկով հիվանդացության դեպքերը հատկապես բանակում են շատ, և 1 տարեկան երեխաների շրջանում մեկ դեղաչափ պատվաստումների իրականացում:

Համաճարակաբան, ՀՀ իմունիզացիայի ազգային փորձագիտական խմբի ղեկավար Արման Բադալյանը, խոսելով պատվաստանյութի ներդրման անհրաժեշտության մասին, ներկայացրեց 2008-2022 թվականներին ջրծաղիկով հիվանդացության դեպքերի վիճակագրությունը, ըստ որի՝ նշված ժամանակահատվածում մինչև 18 տարեկանների մոտ գրանցվել է մոտ 160 հազար, իսկ 18-ից բարձրերի մոտ՝ շուրջ 57 հազար վարակման դեպք:

«Միջինում, տարեկան գրանցվում է ջրծաղիկով վարակման 15 հազար դեպք՝ 70 տոկոսը 0-18 տարեկան երեխաների մոտ»,-ասաց Արման Բադալյանը, և հավելեց. «Եթե ապահովվի պատվաստումների առնվազն 80 տոկոս ծածկույթ, ապա 2030 թվականից հնարավոր կլինի հիվանդացության մակարդակը նվազեցնել առկա պաշտոնական տվյալների 22 տոկոսից, և ոչ պաշտոնական 88 տոկոսից մինչև 7 տոկոս»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում