ԱՀԿ-ում հայտնել են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կտրուկ աճի մասին

22 մայիսի, 2024  10:31

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհանգստություն է հայտնել աշխարհում վարակների թվի կտրուկ ավելացման առնչությամբ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, ԱՀԿ նոր զեկույցի համաձայն՝ 2022թ. սիֆիլիսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 1 մլն-ով՝ 8 մլն, 230 հազարը մահացել է։

«Նոր տվյալները ցույց են տալիս, որ շրջանների մեծ մասում ավելանում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը»,- նշել է նա՝ ավելացնելով, որ 2022թ. սիֆիլիսի նոր դեպքերի թիվը 15-49 տարեկան մարդկանց շրջանում ավելացել է մոտ մեկ միլիոնով՝ հասնելով 8 միլիոնի, գրանցվել է 230 հազար մահ։ Հիվանդացության առավել բարձր աճ գրանցվել է Ամերիկայում եւ Սֆրիկայում»։

Զեկույցի համաձայն՝ ավելացել է նաեւ պոլիռեզիստենտ գոնորեայով հիվանդացությունը։ 2023թ. դրությամբ ինը երկրներ տեղեկացրել են հիվանդության նկատմամբ դեղամիջոցների կայունության մակարդակի բարձրացման մասին։ ԱՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ ՄԻԱՎ-ը եւ վիրուսային հեպատիտը շարունակում են լուրջ խնդիրներ առաջացնել հանրային առողջապահության համար՝ ամեն տարի 2,5 մլն կյանք խլելով։

2022թ. գրանցվել է հեպատիտ В-ի մոտ 1,2 մլն  եւ հեպատիտ С-ի մոտ 1 մլն նոր դեպք։ Ըստ փորձագետների՝ մահերի թիվը վիրուսային հեպատիտից ավելացել է՝ 2019թ. 1,1 մլն-ից հասնելով 1,3 մլն-ի 2022թ.։ ՄԻԱՎ նոր դեպքերի թիվը թեեւ կրճատվել է, բայց ոչ շատ. 2020թ. 1,5 մլն-ից 1,3 մլն-ի 2022թ.։ ՄԻԱՎ-ի հետ կապված մահացությունը մնում է բարձր՝ 2022թ. գրանցվել է 630 հազար մահ, 13 տոկոսի դեպքում խոսքը մինչեւ 15 տարեկան երեխաների մասին է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում