Աշխարհն այսօր նշում է աղջիկ երեխայի համաշխարհային օրը

11 հոկտեմբերի, 2014  13:12

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, աշխարհը նշում է աղջիկ երեխայի համաշխարհային օրը: Ինչպես լրագրողներին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն է հայտնել, օրվա նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի աղջիկ երեխաների խնդիրները, պաշտպանել նրանց բռնություններից եւ խտրականության դրսեւորումներից եւ հնարավորություն տալ իրենց ներուժն իրագործել:

Գարիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ այսօր շատ երկրներում լուրջ խտրականություն կա աղջիկ երեխաների, իսկ հետագայում՝ նաեւ կանանց հանդեպ: Նրանց հանդեպ բավական հաճախ են տեղի ունենում սեռական եւ ֆիզիկական բռնություններ, սեռական օրգանների խեղումներ են իրականացվում, նրանց հաճախ ամուսնացնում են վաղ տարիքում՝ զրկելով ինքնակայացման եւ ընտրության հնարավորությունից: Սեռով պայմանավորված աբորտները նույնպես խտրականություն են աղջիկ երեխաների եւ ընդհանրապես կանանց նկատմամբ:

Աշխարհում 15 տարեկան աղջիկների 1/4-ը ենթարկվում է սեռական եւ ֆիզիկական բռնության: Մոտ 70 միլիոն աղջիկ ամուսնացել է դեռահաս տարիքում՝ մոտ 15 տարեկանում: Տարեկան 3 միլիոն դեռահաս աղջիկ աշխարհում սեռական օրգանների խեղման է ենթարվում:

Հայաստանում սեռական օրգանների խեղում չի իրականացվում, բայց կան շատ այլ խնդիրներ: Մասնավորապես, Գարիկ Հայրապետյանի խոսքով, աղջիկները եւ կանայք այստեղ հնարավորություն չեն ստանում լիարժեք իրականացնելու իրենց ներուժը. դրա մասին է խոսում նաեւ այն, որ պետական մարմիններում եւ գործարար մարմիններում կանայք բավական քիչ են:

Վաղաժամ ամուսնությունների հարցը այստեղ դեռ նույնպես արդիական է. վերջին տարիներին ամուսնության միջին տարիքը երկրում բարձրացել է (աղջիկներինը դարձել է 24 տարեկան, տղաներինը՝ 28 տարեկան), բայց դեռահաս տարիքում ամուսնություններ, հղիություններ եւ ծննդաբերություններ դեռ տեղի են ունենում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այդ կանանց եւ նրանց երեխաների առողջության վրա:

Ամուսնությունների մոտ 10 տոկոսում ներգրավված են 15-19 տարեկան աղջիկներ, իսկ նույն տարիքի տղաների ցուցանիշը 0.5 տոկոս է:

15-19 տարեկան աղջիկների ծնելիության ցուցանիշը 1000 կնոջ հաշվով 1990 թվականին 62 է եղել, 2000 թվականին՝ 32, իսկ 2012-ին՝ արդեն 26: Այսինքն, վաղ ծննդաբերությունների թվի նվազման միտում կա, որը, Գարիկ Հայրապետյանի գնահատմամբ, շատ լավ է:

Մինչեւ 18 տարեկան ամուսնությունների թիվը Հայաստանում նույնպես նվազել է. 2011 թվականին գրանցվել էր 524 վաղ ամուսնություն, իսկ 2013-ին՝ արդեն 338:

Սեռով պայմանավորված աբորտների խնդիրը Հայաստանում դեռ բավական արդիական է, եւ դրանց հետեւանքով երկրում ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը խիստ խախտված է. 100 աղջկա դիմաց մեր երկրում ծնվում է 113-114 տղա, մինչդեռ նորմալ հարաբերակցությունը 100 աղջկա դիմաց 102-106 տղան է:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտությունը պարզել է, որ հայկական ընտանիքներում տղա երեխայի նախապատվությունը մոտ 6 անգամ ավել է՝ աղջիկ երեխայի համեմատ: Գուցե հենց դրանով է պայմանավորված սելեկտիվ աբորտների մեծ թիվը երկրում:

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը իր հերթին նշել է, որ Հայաստանում կանանց իրավունքների իրականացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան. չնայած այն բանին, որ իրավական դաշտը երկրում լավն է եւ մի շարք միջազգային սկզբունքներ ամրագրված են մեր օրենսդրությունում, օրենքի կիրառման մեջ միեւնույն է խնդիրներ կան:

Նրա փոխանցմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանը բավական հաճախ է առնչվում սեռով պայմանավորված աբորտների խնդրին: Աննա Սաֆարյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ շատ կանայք չեն գիտակցում, որ սեռով պայմանավորված աբորտները բռնության տեսակ են՝ իրենց իսկ նկատմամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում