Ճապոնիայում մահացու բակտերիալ վարակ է մոլեգնում

19 հունիսի, 2024  22:50

Մահացու բակտերիալ վարակը, որը հայտնի է streptococcal toxic shock syndrome (STSS) անվանումով, մոլեգնում է ամբողջ Ճապոնիայում, հայտնել է HealthDay գիտական հանդեսը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը դեռ մարտին հրապարակեց STSS-ի դեպքերի աճի մասին իր առաջին նախազգուշացումը:

Հունիսի 2-ի դրությամբ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտնել է 2024 թվականի ընթացքում 977 դեպքի մասին՝ ինչն արդեն գերազանցել է անցյալ տարվա 941 դեպքի ցուցանիշը։ Այստեղ վարակի դեպքերը գրեթե երկուսուկես անգամ շատ են, քան գրանցված դեպքերը Միացյալ Նահանգներում, որտեղ 2024-ին գրանցվել է 395, իսկ անցյալ տարվա նույն  ժամանակահատվածում՝ 390 վարակման դեպքեր:

Գիտնականները զգուշացնում են, որ այդ հիվանդության հետ չի կարելի կատակել։ Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), streptococcal toxic shock syndrome-ը կարող է «շատ արագ վերածվել կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի»,:

Գործակալության տվյալներով՝ STSS-ի առաջին ախտանիշներն են տենդը, դողը, մկանային ցավը, սրտխառնոցը և փսխումը։ 24-48 ժամ անց սովորաբար զարգանում է արյան ցածր ճնշում, որը կարող է առաջացնել ավելի լուրջ խնդիրներ, ներառյալ՝ օրգանների անբավարարություն, սրտխփոցի հաճախություն և շնչառության արագացում:

«Նույնիսկ բուժման ընթացքում STSS-ը կարող է մահացու վախճան ունենալ. streptococcal toxic shock syndrome-ով հիվանդ 10 հոգուց 3-ը մահանում է վարակից»,- հայտնել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում