ԱՄՆ-ում լիստերիոզի կասկածանքով վաճառքից հանվել են պաղպաղակի խմբաքանակներ

26 հունիսի, 2024  08:42

ԱՄՆ-ում լիստերիոզի կասկածանքով վաճառքից հանվել են պաղպաղակի խմբաքանակներ, տեղեկացրել է Medical Xpress-ը։ Վաճառքից հանված պաղպաղակների մեջ են հետեւյալները՝ Hershey's, Yelloh!, Jeni's, Cumberland Farms, The Frozen Farmer, Marco, ChipWich, AMAFruits, Taharka, Dolcezza Gelato, Lasalle եւ այլն։

Դրանք բոլորն արտադրում է Owings Mills-ի Totally Cool ընկերությունը Մերիլենդի նահանգում, որը «հետ է կանչում մի քանի տեսակի պաղպաղակներ, քանի որ դրանք կարող են վարակված լինել Listeria monocytogenes-ով՝ միկրոօրգանիզմ, որը կարող է առաջացնել լուրջ, երբեմն եւ մահացու վարակներ փոքրիկ երեխաների, թույլ կամ տարեց մարդկանց, ինչպես նաեւ թույլ իմունիտետ ունեցող այլոց մոտ», նշվել է ընկերության վեբ-կայքի հաղորդագրությունում, որը տարածել է ԱՄՆ մթերքների եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը։

Արտադրանքը վաճառվել է ողջ երկրի մանրածախ խանութներում եւ ուղիղ մատակարարումների օգնությամբ։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ Listeria monocytogenes-ը սննդային ծագման հիվանդությունների տարածվածությամբ երրորդ պատճառն է Միացյալ Նահանգներում։

CDC տվյալներով՝ հղի կանայք մյուսներից 10 անգամ ավելի հաճախ են վարակվում լիստերիոզով, եւ վարակը հղիության ժամանակ հանգեցնում է պտղի կորստի 20 տոկոս դեպքերում եւ նորածինների մահվան 3 տոկոս դեպքերում։ Բարձր ռիսկի խմբում  են նաեւ 65 եւ բարձր տարիքի եւ թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։ Դեպքերի 87 տոկոսը, որոնք կապված չեն հղիության հետ, պահանջում են հոսպիտալացում, եւ 6 պացիենտից մոտավորապես մեկը մահանում է։

Ընդհանուր ախտանշաններն են տենդը, մկանային ցավերը եւ հոգնածությունը։ Ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս լիստերիայով վարակված մթերքների օգտագործումից հետո երկու շաբաթվա ընթացքում, բայց դրանք կարող են ի հայտ գալ նույն օրը կամ 10 շաբաթ հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում