Կաթվածահար տղամարդը բջիջների փոխպատվաստման շնորհիվ կրկին կարողացել է քայլել

22 հոկտեմբերի, 2014  21:47

Մեջքին ստացած դանակի հարվածներից հետո կրծքավանդակից ներքեւ կաթվածահար տղամարդը գիտնականների միջազգային խմբի անցկացրած նոր թերապիայի շնորհիվ կրկին կարողացել է քայլել: BBC-ի հաղորդմամբ, տղամարդու ոտքերի զգայնությունը վերադարձրել են քթի խոռոչի նյարդային բջիջները ողնուղեղում փոխպատվաստելու միջոցով:

2010 թվականին 40-ամյա Դարեք Ֆիդիկան կրծքից ներքեւ կաթվածահար է եղել: Վիրավորվելուց հետո երկու տարի շարունակ հիվանդն անշարժ է եղել եւ, չնայած ինտենսիվ ֆիզիոթերապիայի կուրսերին, նրա վիճակը չի բարելավվել:

Առնետների վրա կատարված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քթի խոռոչի բջիջները ողնուղեղում փոխպատվաստելիս նյարդային փոխանցումը վերականգնվում եւ կաթվածը բուժվում է: Լեհ վիրաբույժները լոնդոնցի գիտնականների հետ համատեղ աշխարհում առաջին անգամ փորձել են այդ տեխնիկան կիրառել մարդու վրա:

Արդյունքը երկար չի սպասեցրել. երեք ամիս անց հիվանդի ազդրերի շրջանում զգայնությունը սկսել է վերականգնվել, իսկ արդեն կես տարի անց ֆիզիոթերապեւտի օգնությամբ նա առաջին քայլերն է արել: Հիմա՝ վիրահատությունից երկու տարի անց, հիվանդը կարող է դուրս գալ վերականգնողական կենտրոնից: Հիվանդի սեռական ֆունկցիան նույնպես մասնակիորեն վերականգնվել է:

Առաջիկայում գիտնականներն այս մեթոդը փորձարկելու են Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի տասնյակ այլ հիվանդների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում