20-ից ավել զուգընկերների հետ սեքսը՝ շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման միջո՞ց

30 հոկտեմբերի, 2014  23:51

Աշխարհի բոլոր կազանովաներին լավ նորություն է սպասվում. ինչպես Մոնրեալի համալսարանի եւ Արման-Ֆրապիեյի անվան ինստիտուտի գիտնականներն են պարզել, մեծ թվով կանանց հետ քնելու փորձը կարող է շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանության հանգեցնել: Մասնավորապես, 20-ից ավել զուգընկերների հետ հարաբերություն ունենալու դեպքում հիվանդության առաջացման ռիսկը 28 տոկոսի չափով ցածր է գնահատվում: Միայն մեկ զուգընկեր ունեցողների հետ համեմատությամբ երբեւեէ քաղցկեղի ագրեսիվ տեսակով ախտորոշվելու հավանականությունն էլ, The Independent-ի հաղորդմամբ,  կարող է 19 տոկոսի չափով ցածր կազմել:

Այդուհանդերձ, նույնասեռական տղամարդկանց պարագայում վերը նկարագրված օրինաչափությունը չի գործում: Ընդհակառակը, 20-ից ավել տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցողների մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման՝ կրկնակի եւ ագեսիվ քաղցկեղի առաջացման՝ հնգակի բարձր ռիսկ է նկատվում: Սակայն մեկ տղամարդու հետ քնելու հանգամանքը ռիսկի վրա որեւէ անդրադարձ չի ապահովում:

Միեւնույն ժամանակ, կույս տղամարդիկ, սեռական փորձառություն ունեցողների հետ համեմատությամբ, շագանակագեղձի քաղցկեղով ախտորոշվելու կրկնակի բարձր ռիսկի են ենթարկվում:

Եզրահանգումների համար 3208 տղամարդկանց շրջանում կազմակերպված՝ կենսակերպի եւ սեռական կյանքի վերաբերյալ հարցախույզի արդյունքներն են հիմք ծառայել:

Մասնակիցներից 1590-ի մոտ 2005թ.-ի սեպտեմբեր ամսից 2009թ.-ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Մնացած 1618 կամավորների առողջությունը համեմատական վերլուծության նպատակով է ուսումնասիրության ենթարկվել:

Գիտահետազոտական խմբի ղեկավար, Մոնրեալի համալսարանի ներկայացուցիչ պրոֆեսոր Մարի-Էլիզ Պարեն հավանական է համարում, որ մեծ թվով զուգընկերների ազդեցությամբ շագանակագեղձի քաղցկեղի առավել արդյունավետ կանխարգեման պատճառը, ինչպես մի շարք նախընթաց հետազոտությունների արդյունքներն են վկայում, սերմնաժայթքման բարձր հաճախականությունը կարող է լինել, ինչի արդյունքում շագանակագեղձի՝ սերմնահեղուկի բաղադրիչը հանդիսացող արտազատուկի մեջ առկա՝ քաղցկեղի առաջացում հրահրող նյութերի խտության կրճատում է նկատվում: Բացի այդ, հաճախակի սերմնաժայթքումը կարող է շագանակագեղձում առկա՝ օրգանի քաղցկեղի առաջացման հետ ասոցացվող բյուրաղենման կառույցների թվի կրճատման եւս հանգեցնել:

Հարցին, թե ինչու նույն ազդեցությունը տղամարդ զուգընկերների պարագայում չի ապահովվում, պրոֆեսոր Պարենը, իր իսկ խոստովանմամբ, մի քանի վիճելի բացատրություններ է տվել, որոնցից մեկն այն է, թե անալ սեռական հարաբերությունը կարող է ֆիզիկական վնաս հասցնել շագանակագեղձին:

Հետազոտության շրջանակում սեռական կյանքի մեկնարկային տարիքի, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակման դեպքերի թվի եւ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջեւ որեւէ կապ չի հայտնաբերվել: Ընդ որում, մասնակիցներից 12 տոկոսի մոտ սեռավարակով հիվանդացության առնվազն մեկ դեպք է գրանցվել:

Այդուհանդերձ, գիտնականները դեռեւս համաձակություն չեն գտնում՝ պնդելու, թե սեռական այլազանությունը կարող է առողջարար լինել՝ տղամարդու համար: «Դեռ այդտեղ չենք հասել», - նշում են նրանք:

Հետազոտության արդյունքները Cancer Epidemiology ամսագրում են հրապարակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում