• Latest news

Քնի ռեժիմը ազդում է դեպրեսիայի առաջացման ռիսկի վրա․ PID

18 նոյեմբերի, 2025  14:47

Մարդիկ տարբեր կերպ են ընկալում ժամանակը. ոմանք երկարաժամկետ պլաններ են կազմում, ոմանք ապրում են ներկայով, իսկ ոմանք էլ կենտրոնանում են անցյալի վրա։ Օրական ռիթմերը նույնպես տարբեր են. ոմանք շուտ են արթնանում, իսկ ոմանք ակտիվ են գիշերը։ Վարշավայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունն ապացուցել է, որ այս երկու առանձնահատկությունները կարող են միասին աշխատել և ազդել տրամադրության վրա։ Աշխատանքը հրապարակվել է Personality and Individual Differences (PID) ամսագրում։

Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ ինչպես ժամանակի ընկալումը, այնպես էլ քրոնոտիպը (քնի և արթնանալու նախընտրելի ժամանակը) կապված են դեպրեսիվ ախտանշանների հետ։ Պրոֆեսոր Կոնրադ Յանկովսկին առաջին անգամ ստուգել է, թե արդյոք այս բնութագրերից մեկը, օրինակ, ապագայի վրա կենտրոնացումը, կարող է ազդել քրոնոթիպի, իսկ դրա միջոցով՝ նաև տրամադրության վրա։

«Մենք գիտեինք, որ երկու գործոններն էլ անկախ կերպով կապված են եղել դեպրեսիայի հետ։ Ես ուզում էի հասկանալ, թե արդյոք դրանց միջև կապ կա, թե ոչ», - ասել է հետազոտողը։

Առցանց հարցմանը մասնակցել են 18-ից 63 տարեկան 343 մեծահասակներ՝ հիմնականում կանայք: Մասնակիցները լրացրել են երեք թեստ՝ ժամանակի ընկալում, քրոնոտիպ և դեպրեսիվ ախտանիշներ:

Հետազոտությունը հաստատել է, որ դեպրեսիվ ախտանշաններն ավելի հաճախ են հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր բացասական հայացք ունեն անցյալի նկատմամբ, չունեն վերահսկողություն ներկայի նկատմամբ և թույլ կողմնորոշում ունեն ապագայի նկատմամբ։ Ավելի հավասարակշռված ժամանակային հեռանկար ունեցողների մոտ տրամադրությունն ավելի բարձր է եղել։ «Բվերը» նույնպես ցուցադրում էին դեպրեսիայի ավելի բարձր մակարդակ։ Նրանք ավելի քիչ դրական վերաբերմունք են ունեցել անցյալի նկատմամբ, ավելի քիչ են պլանավորել ապագան և ավելի հաճախ են ցույց տվել «անհավասարակշռված» ժամանակային պրոֆիլ։

Հետազոտությունից գլխավոր եզրակացությունն այն է, որ քրոնոտիպը մասամբ բացատրում է ժամանակային հեռանկարի և դեպրեսիվ ախտանշանների կապը։ Անցյալի նկատմամբ ավելի դրական հայացք և ապագայի նկատմամբ վառ արտահայտված կողմնորոշում ունեցող մարդիկ ավելի հաճախ լինում են «արտույտներ», իսկ այս քրոնոտիպը կապված է դեպրեսիայի ավելի ցածր ռիսկի հետ։

«Մարդիկ, ովքեր հույսով են նայում ապագայինկամ ջերմությամբ են հիշում անցյալը, որպես կանոն, ավելի շուտ են պառկում քնելու և արթնանում, և ավելի լավ են զգում իրենց», - ասել է Յանկովսկին։

Արդյունքները նաև մատնանշում են կանխարգելման հնարավոր ուղին՝ անցյալի և ապագայի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված հոգեբանական աշխատանքը կարող է նպաստել ավելի առողջ օրական ռիթմերի ձևավորմանը և դեպրեսիվ միտումների նվազմանը։

«Հաջորդ քայլը ուսումնասիրելն է, թե քնի որ սովորություններն են կարևոր դեր խաղում՝ կանոնավոր քնելու ժամանակը, սարքերի օգտագործումը, թե՞ հանգստի ծեսերը», - նշել է Յանկովսկին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll