Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղը կյանքի ընթացքում անցնում է մի քանի տարբեր փուլերով, որոնցից հիմնական շրջադարձային կետերը տեղի են ունենում 9, 32, 66 և 83 տարեկանում: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ այդ փուլերից յուրաքանչյուրում ուղեղի վիճակի ըմբռնումը կօգնի ավելի լավ հասկանալ հոգեկան խանգարումների և դեմենցիայի պատճառները:
Հետազոտությանը մասնակցել է մոտ 90 տարեկան 4000 մարդ, գիտնականները սկանավորել են նրանց գլխուղեղը՝ պարզելու համար՝ ինչպես են գործում նրանց ուղեղի բջիջների միջև կապերը:
Քեմբրիջի հետազոտողները եզրակացրել են, որ ուղեղը մնում է երիտասարդական փուլում մինչև մոտ 30 տարեկանը՝ տարիք, որը սովորաբար համարվում է մարդու զարգացման գագաթնակետը:
Գիտնականները կարծում են, որ նոր հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ, թե ինչու են հոգեկան խանգարումների և դեմենցիայի ռիսկերը տարբերվում կյանքի տարբեր փուլերում:
Հետազոտական խմբի արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական հանդեսում:
Երբ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և փորձ, ուղեղն անընդհատ փոխվում է, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ծնունդից մինչև մահ տեղի ունեցող մեկ սահուն գործընթաց չէ:
Փոխարենը, գոյություն ունի ուղեղի ֆունկցիայի ունի հինգ փուլ.
Մանկություն՝ ծնունդից մինչև 9 տարեկանը;
Երիտասարդություն՝ 9-ից մինչև 32 տարեկանը;
Չափահասություն՝ 32-ից մինչև 66 տարեկանը։
Վաղ ծերացում՝ 66-ից մինչև 83 տարեկանը։
Ուշ ծերացում՝ 83 տարեկանից սկսած։
«Ուղեղը վերագործարկվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն անընդհատ ամրապնդում է որոշ կապեր և թուլացնում մյուսները, և դա հաստատուն, հավասար գործընթաց չէ. կան ուղեղի վերագործարկման տատանումներ և փուլեր»,- BBC-ի հետ զրույցում ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Ալեքսա Մոուսլին։
Մարդկանցից ոմանց մոտ այս փուլերն ունենում են ավելի վաղ կամ ուշ, բայց ընդհանուր առմամբ, դրանք այն տարիքային շեմերն էին, որոնք առավել հաճախ նկատվում էին հետազոտության մասնակիցների ուղեղի սկանավորման ժամանակ։
Մանկություն։ Այս առաջին շրջանում ուղեղն արագորեն մեծանում է չափսերով, բայց միաժամանակ «նոսրացնում» է նյարդային բջիջների՝ սինապսների միջև ավելորդ կապերը, որոնք ստեղծվել են կյանքի վաղ շրջանում։
Այս փուլում ուղեղն ավելի նվազ արդյունավետ է գործում։ Այն գործում է այգում աննպատակ թափառող երեխայի պես, գնալով այնտեղ, որտեղ խելքը կկտրի, փոխանակ ուղիղ գծով շարժվի A կետից B կետ։
Պատանեկություն։ Ամեն ինչ կտրուկ փոխվում է մոտավորապես ինը տարեկանում, երբ ուղեղի կապերը սկսում են վերակազմակերպվել առավելագույն արդյունավետության համար։ «Դա հսկայական տեղաշարժ է»,- ասում է դոկտոր Մոուսլին՝ այդ անցումը մեկ փուլից մյուսն անվանելով մարդու կյանքի ամենակարևոր փուլը։
Հենց այդ ժամանակահատվածում է ի հայտ գալիս հոգեկան խանգարումների ծագման ամենաբարձր վտանգը։
Զարմանալի չէ, որ պատանեկությունը սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Սակայն ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ այն շատ ավելի ուշ է ավարտվում, քան նախկինում կարծում էինք։
Մի ժամանակ համարվում էր, որ պատանեկությունը սահմանափակվում է դեռահասության տարիներով, նյարդաբանությունը հետագայում ցույց տվեց, որ այն շարունակվում է մինչև քսան տարեկանը, իսկ հիմա արդեն՝ մինչև երեսուն տարեկանը լրանալը։
Դա միակ փուլն է, երբ ուղեղի նեյրոնային ցանցերն ավելի արդյունավետ են դառնում։ Ըստ Մոուսլիի՝ ուղեղի գործառույթը գագաթնակետին է հասնում 30 տարեկանից հետո առաջին մի քանի տարիներին, այսինքն՝ այն փուլի հենց վերջում, որը տևում է ինըից մինչև երեսուներկու տարեկանը։ Փորձագետը «չափազանց ուշագրավ» է անվանում այն, որ ուղեղն այդքան երկար ժամանակահատվածում մնում է մեկ զարգացման փուլում։
Չափահասություն։ Այնուհետև գալիս է կայունության շրջան՝ ուղեղի կյանքի ամենաերկար շրջանը, որը տևում է մոտ երեք տասնամյակ։
Այդ ընթացքում փոփոխությունները զգալիորեն դանդաղ են նախորդ տարիների անկայուն գործընթացների համեմատ, բայց հենց այստեղ ենք տեսնում, թե ինչպես է ուղեղի զարգացման գործընթացը շրջվում դեպի հակառակ կողմ։
Գիտնականների կարծիքով՝ այդ ժամանակահատվածում մենք հասնում ենք «ինտելեկտի և անհատականության յուրահատուկ բարձրահարթի»։
Վաղ ծերացում։ Այս փուլը սկսվում է մոտ 66 տարեկանում, բայց դա ուղեղի արդյունավետության կտրուկ և հանկարծակի անկում չէ։ Ավելի շուտ, ուղեղում փոխկապակցված օրինաչափությունների փոփոխություններ են տեղի ունենում։
Փոխանակ գործելու իբրև միասնական համակարգված օրգան, ուղեղն ավելի ու ավելի է բաժանվում առանձին շրջանների, որոնք միաժամանակ սերտորեն փոխազդում են՝ սեփական անհատական նախագծերը իրականացնել որոշսծ խմբի անդամների պես։
Թեև հետազոտությունը կենտրոնացած էր առողջ ուղեղների վրա, հենց այդ տարիքում է, որ սովորաբար սկսում են դրսևորվել դեմենցիան և արյան բարձր ճնշումը, որոնք ազդում են ուղեղի առողջության վրա։
Ուշ ծերացում։ Այնուհետև, 83 տարեկան հասակում, մենք մտնում ենք վերջնական փուլ։ Այս տարիքային խմբի վերաբերյալ տվյալներն ավելի քիչ են, քան մյուսների, քանի որ սկանավորման համար բավարար քանակությամբ առողջ մարդկանց գտնելն ավելի դժվար էր: Այդ փուլում ուղեղի փոփոխությունները նման են վաղ ծերացման ախտանիշներին, սակայն ավելի ցայտուն են արտահայտված:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day