Հիվանդանոցային բուժման ընթացքում ատամները մաքրելը կարող է զգալիորեն նվազեցնել թոքաբորբի զարգացման վտանգը։ Հոսպիտալացված շատ բուժառուներ, ըստ երևույթին, տարբեր պատճառներով, հիվանդանոցում գտնվելու ընթացքում ատամները չեն մաքրում։ Ոմանք գուցե մոռացել են ատամի խոզանակ վերցնել, իսկ մյուսները չեն մտածում դրա մասին, իրենց մոտիվացված չեն զգում կամ ֆիզիկապես ի վիճակի են դա անել։ Բուժաշխատողները բերանի խոռոչի խնամքի ամենօրյա միջոցառումները բուաժռուներին մատուցվող ծառայություններում հաճախ չեն ներառում։
Սակայն իր տեսակի մեջ ամենամեծ պատահականացված վերահսկվող փորձարկման ժամանակ, հիվանդանոցներում ատամի խոզանակ, ատամի մածուկ և բերանի խոռոչի խնամքի խորհուրդներ ստացած բուժառուները 60 տոկոսով ավելի հազվադեպ են զարգացրել ներհիվանդանոցային թոքաբորբի տարածված ձև, ասում է Ավստրալիայի Ավոնդեյլ համալսարանի գիտաշխատող Բրեթ Միտչելը։
«Սա ավելի է ընդգծում բուժառուներին թոքաբորբի վտանգի և ներհիվանդանոցային բուժման ու ատամների մաքրման կարևորության մասին իրազեկելու անհրաժեշտությունը»,- ասում է նա։
Հայտնի է, որ արհեստական շնչառության սարքերին միացված բուժառուները հաճախ թոքաբորբ են զարգացնում, մասամբ՝ բժշկական սարքավորումների շնչառական համակարգի բնական գործառույթի միջամտության պատճառով, գրում է Planet Today-ը։ Սակայն շատ հոսպիտալացված բուժառուներ, որոնք միացված չեն արհեստական շնչառության սարքերին, հոսպիտալացումից առնվազն 48 ժամ անց նույնպես թոքաբորբ են զարգացնում: Հետազոտողները դեռ փորձում են ըմբռնռլ, թե ինչու է դա տեղի ունենում և ինչպես կանխել այն, հատկապես հաշվի առնելով, որ հիվանդանոցային թոքաբորբը պայմանավորված է հիվանդանոցում ավելի երկար մնալու հանգամանքով, ավելի բարձր ծախսերով և մահացության աճով։
«Սա կարևորագույն հարց է»,- ասում է Հարվարդի համալսարանից Մայքլ Կլոմպասը, որը չի մասնակցել հետազոտությանը: «Ներհիվանդանոցային թոքաբորբը հիվանդանոցային վարակների ամենատարածված և մահացու դեպքերից մեկն է, և քիչ հուսալի տվյալներ կան այն մասին, թե ինչպես լավագույնս կանխել այն»։
Միտչելը ենթադրել է, որ հիվանդությունը կարող է կապված լինել բերանի խոռոչի մանրէների հետ: Բերանի խոռոչի միկրոբիոմը կարող է ազդել շնչառական առողջության վրա, քանի որ մարդիկ շնչում են մանրէներ պարունակող կաթիլներ դեպի թոքերը: Եվ բերանի խոռոչի միկրոբիոմը փոխվում է, երբ մարդիկ հոսպիտալացվում են, ասում է Միտչելը: «Ես կարծում էի, որ կարևոր է ինչ-որ միջոցներ ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար»։
Այդ պատճառով Մայքլ Կլոմպասը և նրա գործընկերները մեկ տարի տևողությամբ պատահականացված վերահսկվող փորձարկում են մշակել, որին մասնակցել են 8870 բուժառուներ Ավստրալիայի երեք հիվանդանոցներում՝ բերանի խոռոչի հիգիենայի ազդեցությունը թոքաբորբի ռիսկի վրա ստուգելու համար։ Նա ներկայացրել է ներհիվանդանոցային թոքաբորբի կանխարգելման (HAPPEN) հետազոտության այդ մասի արդյունքները Մյունխենում (Գերմանիա) անցկացված Եվրոպական կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների ընկերության (ESCMID Global) կոնգրեսում։
Մասնակցող հիվանդանոցներից յուրաքանչյուրը հետազոտության մասնակիցներին երեք խմբի է բաժանել։ Հետազոտության առաջին երեք ամիսների ընթացքում ոչ մի խումբ որևէ միջամտություն չի ստացել։ Երեք ամիս անց խմբերից մեկի բուաժռուներին ատամի մածուկ և ատամի խոզանակ տրվեց. խոզանակի մի կողմում արված էին՝ «Ատամները մաքրելը օգնում է կանխել թոքաբորբը», իսկ մյուս կողմում՝ «Ազատվեք թոքաբորբից ատամի խոզանակով» գրությունները։ Ատամի խոզանակները նախագծված էին հատուկ բռնակով՝ սահմանափակ ձեռքի շարժունակություն ունեցող մարդկանց համար։ Բուժառուները նաև HAPPEN կայքում զետեղված ուսումնական նյութերին հղում անող QR կոդ էին ստացել:
Երկրորդ խումբն ատամի խոզանակներ ստացավ վեց ամիս, իսկ երրորդ խումբը՝ ինը ամիս անց, ինչը նշանակում է, որ հետազոտության բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան մաքրել իրենց ատամները հետազոտության վերջին երեք ամիսների ընթացքում։
Ինչ վերաբերում է բուժանձնակազմին, հետազոտական խումբը բերանի խոռոչի խնամքի վերաբերյալ բաժանմունքի բուժքույրերի համար վերապատրաստում կազմակերպեց և նրանց իրենց կայքում մասնագիտական խորհրդատվության հղումներ տրամադրեց։ Նրանք միաժամանակ խրախուսեցին բուժքույրերին հիշեցնել բուժառուներին ատամները մաքրելու և թել օգտագործելու մասին, ինչպես նաև օգնել նրանց, ովքեր դժվարանում էին դա անել ինքնուրույն։
Միջամտության ժամանակահատվածներից դուրս բուժառուների միայն 15,9%-ն էր ատամները մաքրում օրը մեկ անգամ։ Միջամտության ժամանակահատվածներում բուժառուների 61,5%-ը բերանի խոռոչի խնամք էր իրականացնում օրական առնվազն մեկ անգամ՝ միջինը օրական 1,5 անգամ։ Ըստ Միտչելի՝ վեբ վիճակագրությունը ցույց է տվել, որ միջամտության ժամանակահատվածներում և՛ բուժառուները, և՛ բուժքույրերը հաճախակիորեն մուտք են գործել HAPPEN էջեր և տեղեկություններ քաղել այնտեղից։
Դա համընկել էր հիվանդանոցային թոքաբորբի դեպքերի կտրուկ անկման հետ, որը կապված չէ մեխանիկական օդափոխության հետ, ասում է Միտչելը։ Մասնավորապես, դեպքերի մակարդակը վերահսկիչ խմբում նվազել է 100 հոսպիտալացման օրվա 1 դեպքից, միջամտության խմբում հասնելով 0,41-ի։
«Այս հետազոտությունն ուշագրավ է,- ասում է Կլոմպասն, ընդգծելով մեծ նմուշի չափը և պատահականացված դիզայնը։ -Հիմնական եզրակացությունն այն է, որ հիվանդանոցում ատամները մաքրելը ոչ միայն օգտակար է բերանի խոռոչի հիգիենայի և բարեկեցության համար, այլև կարող է բառի բուն իմաստով կյանքեր փրկել»։
Ֆինլանդիա Հելսինկիի համալսարանի գիտաշխատող Պիրի Սիպիլան ասում է, որ ինքը գնահատում է ռիսկի ցուցանիշների այդքան զգալի բարելավման կարևորությունը՝ հիմնված այդքան պարզ միջամտության վրա։ «Ըստ էության, բուժառուներին պարզապես ատամի խոզանակ, ատամի մածուկ է տրամադրվել և առաջարկություններ արվել», - ասում է նա։ Ընդսմին, արդյունքները կարող են տարբեր լինել՝ կախված հոսպիտալացման պատճառներից և բուժառուների բերանի խոռոչի հիգիենայի առօրեական սովորույթներից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day