Հակաբիոտիկների կանխարգելիչ նշանակումը առանձին կլինիկական իրավիճակներում կարող է կենսական նշանակություն ունենալ, սակայն դրա չափից ավելի տարածումը կարող է աննկատորեն խորացնել հակաբիոտիկակայունության հանդեպ համաշխարհային ճգնաժամը։ Այսպիսի եզրահանգման են եկել Clinical Microbiology and Infection ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները։
Պրահայի Կարլի համալսարանի երկրորդ բժշկական ֆակուլտետի հետազոտողները նշում են, որ «ապահովության համար» հակաբիոտիկներ նշանակելու պրակտիկան աստիճանաբար դուրս է գալիս հիմնավորված կիրառության սահմաններից։ Հակաբիոտիկները մնում են ժամանակակից բժշկության հիմնական գործիքներից մեկը, սակայն դրանց զանգվածային կանխարգելիչ օգտագործումը մշտական սելեկտիվ ճնշում է գործադրում մարդու միկրոբիոմի վրա և արագացնում բակտերիաների կայուն շտամների ի հայտ գալը։
Աշխատության համահեղինակ, դոկտոր Մարեկ Շտեֆանի խոսքով՝ այս իրավիճակը պարադոքս է ստեղծում․ եզակի վարակներ կանխելու համար դեղամիջոցներ են ստանում հարյուրավոր առողջ մարդիկ, ինչը երկարաժամկետ հեռանկարում նվազեցնում է հենց իրենց՝ հակաբիոտիկների արդյունավետությունը։
Հեղինակներն առանձնացնում են մի քանի կլինիկական սցենարներ, որտեղ այս խնդիրն արտահայտվում է բավականին սուր ձևաչափով։ Դրանց թվում են՝ վիրուսային թոքաբորբի ժամանակ հակաբիոտիկների էմպիրիկ նշանակումը, բակտերիալ վարակները կանխելու համար վարակակրի հետ շփումից հետո դոքսիցիկլինի կանխարգելիչ կիրառումը, Clostridioides difficile վարակի ռիսկը նվազեցնելու նպատակով վանկոմիցինի օգտագործումը, ինչպես նաև վարակակրի հետ շփված անձանց շրջանում ինվազիվ ստրեպտոկոկային վարակի կանխարգելումը։
Հատուկ ուշադրություն է դարձվում A խմբի ինվազիվ ստրեպտոկոկի դեպքերին․ Նիդերլանդներում իրականացված համաճարակաբանական դիտարկումների համաձայն՝ ընդամենը մեկ երկրորդային վարակման դեպք կանխելու համար անհրաժեշտ է դեղորայքային բուժում նշանակել մոտ 580 առողջ մարդու։ Ընդ որում, հաճախ օգտագործվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դասակարգմամբ «Watch» կատեգորիայի հակաբիոտիկներ, որոնք պատկանում են խիստ վերահսկողություն պահանջող դեղերի թվին։
Հետազոտողները ընդգծում են, որ բակտերիաների աճող դիմադրողականության պայմաններում ապահովագրվելու համար ավանդական կլինիկական տրամաբանությունն այլևս անվտանգ ռազմավարություն չէ։ Նրանց կարծիքով՝ ժամանակակից բժշկական զգուշավորությունը պետք է արտահայտվի ոչ թե դեղերի ավելորդ նշանակմամբ, այլ դրանց խիստ սահմանափակմամբ։
Նրանք առաջարկում են հավատարիմ մնալ նշանակման ավելի խիստ չափանիշներին՝ հակաբիոտիկներն օգտագործել միայն համոզիչ ցուցումների առկայության դեպքում, նախապատվությունը տալ «Access» կատեգորիայի նեղ սպեկտրի դեղամիջոցներին և առավելագույնս կրճատել թերապիայի տևողությունը։
Հեղինակները շեշտում են, որ դեղակայուն վարակներից մահացության աճը կանխարգելման մոտեցումների վերանայումը դարձնում է հրատապ։ Ընդ որում, հակաբիոտիկների արդյունավետության պահպանումը պահանջում է հրաժարվել դրանց «ընթացիկ» կանխարգելիչ նշանակման պրակտիկայից և անցնել ավելի նպատակային ու ապացուցողական կիրառման։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day