• Latest news

Ակնաբույժի մոտ պլանային հետազոտությունները կարող են հայտնաբերել II փուլի զարկերակային գերճնշում դիաբետ ունեցող պացիենտների կեսի մոտ

30 հունիսի, 2026  13:07

Ակնաբույժի մոտ կանոնավոր հետազոտությունները կարող են արդյունավետ միջոց դառնալ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում չախտորոշված կամ վատ վերահսկվող զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Այս եզրահանգմանն են եկել Վիրջինիայի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Ophthalmology ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 1-ին կամ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 172 չափահաս պացիենտ, որոնք հետազոտություն են անցել ցանցաթաղանթի հիվանդությունների մասնագիտացված կլինիկայում: Պարզվել է, որ մասնակիցների միայն 8,1%-ն է ունեցել նորմալ զարկերակային ճնշում, մինչդեռ մոտավորապես կեսի մոտ ախտորոշվել է II փուլի զարկերակային գերճնշում: Պացիենտների ևս 10,5%-ի մոտ ճնշման ցուցանիշները համապատասխանել են հիպերտոնիկ կրիզին՝ մի վիճակի, որը պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրել սրտամկանի ինֆարկտի կամ կաթվածի բարձր ռիսկի պատճառով:

Շաքարային դիաբետը սերտորեն կապված է սիրտ-անոթային հիվանդությունների և դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացման հետ: Ցանցաթաղանթի անոթների վնասման հիմնական գործոններից մեկը բարձր զարկերակային ճնշումն է, որը նպաստում է բարդությունների առաջացմանը, այդ թվում՝ մակուլայի այտուցին և տեսողության վատթարացմանը: Այդուհանդերձ, զարկերակային ճնշման չափումը դեռևս ներառված չէ ակնաբուժական կլինիկաների մեծ մասի ստանդարտ պրակտիկայում:

Սովորական ընդունելության ժամանակ բոլոր մասնակիցների զարկերակային ճնշումը չափել են նախքան բիբը լայնացնող դեղամիջոցների կաթեցումը, ինչպես նաև առաջարկել են լրացնել հարցաթերթիկ, որով գնահատվում էր անամնեզում հիպերտոնիայի առկայությունը, հակահիպերտոնիկ դեղերի ընդունումը, ճնշման տնային հսկողությունը և իրազեկվածությունը տեսողության վրա գերճնշման ունեցած ազդեցության մասին:

Հետազոտությունը զգալի անհամապատասխանություն է բացահայտել սեփական առողջական վիճակի մասին պացիենտների պատկերացումների և չափումների օբյեկտիվ արդյունքների միջև: Այն մասնակիցների շրջանում, որոնց մոտ նախկինում զարկերակային գերճնշում չէր ախտորոշվել, 85,7%-ն արդեն ունեցել է բարձր ճնշում, իսկ 35,7%-ը համապատասխանել է II փուլի գերճնշման չափանիշներին: Նույնիսկ այն պացիենտների թվում, որոնք կարծում էին, թե իրենց ճնշումը լավ վերահսկվում է, 52%-ն ունեցել է II փուլի գերճնշում, իսկ 8%-ը գտնվել է հիպերտոնիկ կրիզի վիճակում:

Ստացված արդյունքներն անհապաղ քայլեր են պահանջել. պացիենտների գրեթե 60%-ին խորհուրդ է տրվել դիմել բուժող բժշկին, 11,6%-ը մեկ-երկու օրվա ընթացքում շտապ կրկնակի հետազոտության կարիք է ունեցել, իսկ մեկ մասնակցի ուղղակիորեն ուղարկել են անհետաձգելի օգնության բաժանմունք:

Պացիենտների մեծ մասը դրական է ընդունել այս լրացուցիչ սկրինինգը. 93%-ը նպատակահարմար է համարել ակնաբույժի մոտ այցի ժամանակ զարկերակային ճնշման չափումը, իսկ շուրջ 74%-ն արդեն գիտեր, որ չվերահսկվող գերճնշումը կարող է հանգեցնել տեսողության վատթարացման:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ զարկերակային ճնշման չափումը ստանդարտ ակնաբուժական հետազոտության մեջ ներառելը թույլ կտա ժամանակին հայտնաբերել նախկինում չախտորոշված կամ անբավարար վերահսկվող գերճնշումը: Դա կարող է նվազեցնել սիրտ-անոթային բարդությունների ռիսկը և կանխել աչքերի դիաբետիկ ախտահարման առաջընթացը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll