• Latest news

Միլիոնավոր մարդիկ դեռ վտանգի տակ են. ինչո՞ւ Եվրոպան կարող է չհասցնել հաղթահարել վիրուսային հեպատիտները

30 հուլիսի, 2026  08:43

Թեև Եվրոպան նշանակալի առաջընթաց է գրանցել վիրուսային հեպատիտ B-ի և C-ի դեմ պայքարում, կանխարգելիչ միջոցառումների ոչ համաչափ կիրառման պատճառով տարածաշրջանը, ամենայն հավանականությամբ, չի հասցնի իրագործել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նպատակը․ այն է՝ մինչև 2030 թվականը վերացնել վիրուսային հեպատիտը՝ որպես հանրային առողջապահական սպառնալիք։ Այս մասին հայտնում է Medical Xpress-ը։

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հրապարակած նոր տվյալների համաձայն՝ իրավիճակը հատկապես բարելավվել է երեխաների շրջանում։ Եվրոպայում մինչև 5 տարեկան երեխաների մոտ հեպատիտ B-ի տարածվածությունն այսօր մոտ է զրոյի։

Հաջողության հիմնական գործոններից մեկը դարձել է պատվաստումը։ Կարևոր դեր են խաղացել նաև թեստավորման ծրագրերը, վարակների վերահսկումը, անվտանգ դոնորությունը և բուժման ժամանակակից մեթոդները։ Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՄ/ԵՏՏ) բոլոր 30 երկրներում գործում է հղիների՝ հեպատիտ B-ի պարտադիր կամ երաշխավորված հետազոտություն, ինչը թույլ է տվել մորից երեխային վիրուսի փոխանցումը նվազեցնել մինչև 2%-ից ցածր մակարդակի։

ECDC-ի նոր տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում սուր հեպատիտ B-ի դեպքերի քանակը 2006 թվականից ի վեր կայունորեն նվազում է։ Մինչև 25 տարեկան անձանց շրջանում նման դեպքերի մասնաբաժինը 2015 թվականի 11%-ից 2024 թվականին հասել է մինչև 8%-ի․ սա բազմամյա պատվաստումների և կանխարգելիչ ծրագրերի արդյունքն է։

Այնուամենայնիվ, վիրուսային հեպատիտները մնում են լուրջ խնդիր։ Մասնագետների գնահատականներով՝ ԵՄ/ԵՏՏ շուրջ 5 միլիոն բնակիչ ապրում է քրոնիկ հեպատիտ B-ով կամ C-ով․ տարեկան գրեթե 60 հազար մարդ մահանում է այս վարակների հետ կապված լյարդի հիվանդություններից։

Հիմնական բացթողումները պահպանվում են առանձին համայնքների մակարդակում իրականացվող կանխարգելման գործում։ ԵՄ/ԵՏՏ 25 երկրներից միայն 9-ն են հասել ԱՀԿ նպատակին՝ երեխաների շրջանում ապահովել հեպատիտ B-ի դեմ 95%-ի պատվաստումը։ Որոշ երկրներում պատվաստումների ընդգրկվածության մակարդակն անգամ սկսել է նվազել։

Առանձնահատուկ խնդիր է ներարկային թմրանյութեր օգտագործողների շրջանում հեպատիտ C-ի տարածումը։ Վիրուսի փոխանցման հիմնական ուղին կապված է ոչ ստերիլ պարագաների օգտագործման հետ։ Թեև վնասի նվազեցման ծրագրերը (օրինակ՝ ստերիլ ներարկիչների տրամադրումը և փոխարինող թերապիան) ապացուցել են իրենց արդյունավետությունը, դրանք դեռևս բավարար չափով տարածված չեն․ միայն յոթ երկիր է հասել ստերիլ ներարկային պարագաներով ապահովվածության ԱՀԿ թիրախային ցուցանիշներին։

ECDC-ն և Եվրոպական միության Թմրամիջոցների հարցերով գործակալությունը (EUDA) ընդգծում է, որ խոցելի խմբերում, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց շրջանում, բժշկական օգնության բարելավումը կարող է էապես նվազեցնել վիրուսների փոխանցումը։

Այսպիսով, Եվրոպան արդեն իսկ մեծ հաջողությունների է հասել հեպատիտի դեմ պայքարում, սակայն 2030 թվականի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել երկրների միջև առկա տարբերությունները և ապահովել պատվաստման, թեստավորման ու բուժման հավասար հասանելիություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll