Հայտնաբերվել է նոր մակաբույծ, որը հնարավոր է կապված է ափամերձ ծովային թռչունների ոչնչացման հետ

31 հուլիսի, 2026  20:31

Գիտնականները նախկինում անհայտ մակաբույծ են հայտնաբերել սև ջրահատների (black skimmer) ճուտերի մոտ, որոնք սատկել են ԱՄՆ Մեքսիկական ծոցի ափին գտնվող բնադրավայրերում։ Հետազոտողների կարծիքով՝ այդ բացահայտումը կարող է օգնել բացատրել վերոնշյալ թռչունների թվաքանակի շարունակական կրճատումը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են PLOS One գիտական հանդեսում:

Հետազոտությունը սկսվել է այն բանից հետո, երբ 2022 և 2023 թվականների ամռանը Թեքսաս նահանգի բնադրավայրերում սատկել է ավելի քան 160 ճուտ։ Թեքսասի A&M համալսարանի մասնագետները Gulf Coast Bird Observatory-ի աշխատակիցների հետ համատեղ վերլուծել են սատկած թռչունների հյուսվածքները՝ նրանց սատկելու հնարավոր պատճառը պարզելու նպատակով:

Գենետիկական վերլուծության միջոցով գիտնականները հայտնաբերել են Eimeria ցեղի մակաբույծի, որի ներկայացուցիչները սովորաբար ախտահարում են վայրի և ընտանի կենդանիների մարսողական համակարգը: Ընդ որում, հայտնաբերվել են մակաբույծի՝ նախկինում չնկարագրված երկու ձևեր․ մեկն ախտահարում էր երիկամներն ու կոյանցքը, մյուսը՝ բարակ աղիքը:

Հետազոտողները դեռ չեն կարող հստակ պնդել, որ հենց այդ մակաբույծն է դարձել թռչունների սատկելու անմիջական պատճառը։ Սակայն գտածոն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ այն գործոնները, որոնք կարող են նպաստել սև ջրահատների պոպուլյացիայի կրճատմանը:

Վարակված ճուտերի երիկամներում հայտնաբերվել են փոքր սպիտակ ախտահարման օջախներ: Գենետիկական հետազոտությունները հաստատել են Eimeria-ի առկայությունը, սակայն պարզվել է, որ այդ մակաբույծը նախկինում նկարագրված տեսակներից ոչ մեկին չի պատկանում:

Հեղինակների գնահատմամբ՝ մակաբույծի նոր տեսակի հայտնաբերումն անսպասելի չէ, քանի որ մակաբուծային օրգանիզմների զգալի մասը դեռևս մնում է չուսումնասիրված: Ենթադրվում է, որ թռչունները վարակվում են այնպես, ինչպես Eimeria-ով հարուցվող այլ վարակների դեպքում՝ կուլ տալով մակաբույծի ձվերը (օոցիստներ) աղտոտված սննդի կամ ջրի հետ միասին: Առավել ընկալունակ են համարվում երիտասարդ թռչունները՝ դեռևս ոչ ամբողջությամբ ձևավորված իմունային համակարգով:

Գիտնականները կարծում են, որ մակաբույծը խնդրի միայն մի մասն է: Էական դեր կարող են խաղալ նաև շրջակա միջավայրի փոփոխությունները:

Մեքսիկական ծոցի ափին նավարկելի ջրանցքների խորացման ժամանակ դուրս բերվող հողն օգտագործվում է արհեստական կղզիներ ստեղծելու համար, որոնցում այժմ բնադրում են ծովային թռչունները: Թեև նման տեղանքներն ապահովում են բազմացման համար անվտանգ վայրեր, թռչունների բարձր խտությունը կարող է նպաստել վարակների ավելի արագ տարածմանը: Բացի դրանից, ի տարբերություն բնական կենսամիջավայրերի, այս արհեստական կղզիները պահպանվում են զգալիորեն ավելի երկար, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հողում մակաբույծների գոյատևման համար:

Որպես ռիսկի ևս մեկ հնարավոր գործոն գիտնականները նշում են շրջակա միջավայրի աղտոտումը: Ծանր մետաղները և այլ թունավոր նյութերը կարող են կուտակվել ձկների մեջ, որոնցով սնվում են սև ջրահատները՝ թուլացնելով թռչունների օրգանիզմը և բարձրացնելով նրանց ընկալունակությունը հիվանդությունների նկատմամբ:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ ճուտերի զանգվածային սատկելն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մի քանի գործոնների՝ մակաբուծային վարակի, կենսամիջավայրի փոփոխությունների և շրջակա միջավայրն աղտոտող նյութերի ազդեցության համադրությամբ: Այդ գործոններից յուրաքանչյուրի դերը պարզելու համար հետագա դիտարկումներ և երկարաժամկետ հետազոտություններ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում