• Latest news

Գերմանացի քաղաքական գործիչներն առաջարկում են խտրականությունից պաշտպանել քաղցկեղը հաղթահարած մարդկանց

4 օգոստոսի, 2026  13:47

Քաղցկեղը հաղթահարած գերմանացի քաղաքական գործիչները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով խտրականությունից պաշտպանել երկարատև ռեմիսիայի մեջ գտնվող մարդկանց ապահովագրություն ձևակերպելիս, բանկային վարկեր ստանալիս, աշխատանքի ընդունվելիս և երեխա որդեգրելիս, գրում է The Guardian-ը։

Առաջարկվող միջոցը, որը հայտնի է որպես «մոռացված լինելու իրավունք» (Right to Be Forgotten, RTBF), նախատեսում է, որ ռեմիսիայի բժշկականորեն հիմնավորված շրջանից հետո (որպես կանոն՝ հինգ տարի անց) բանկերն ու ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև այլ կազմակերպություններ այլևս չեն կարողանա մարդուց պահանջել տեղեկատվություն հայտնել անցյալում ունեցած քաղցկեղի մասին։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ լիովին ապաքինված պացիենտները չպետք է ցմահ սահմանափակումների բախվեն այն հիվանդության պատճառով, որն արդեն հաղթահարել են։

Օրինագիծը մշակել են Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ներկայացուցիչները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ադիս Ահմետովիչը, ում մոտ 30 տարեկանում լիմֆոմա էր ախտորոշվել։ 2024 թվականի հոկտեմբերից նրա մոտ հիվանդության որևէ ախտանիշ չի նկատվում, և նա համոզված է, որ օրենքի ընդունումը կվերականգնի արդարությունը՝ առանց պետությունից լրացուցիչ ծախսեր պահանջելու։

Նախաձեռնությանն աջակցել են նաև Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիա երկրամասի վարչապետ Մանուելա Շվեզիգը, ով հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը, և Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը, ով նախկինում բուժվել է լեզվի քաղցկեղից։ Նրանց խոսքով՝ քաղցկեղից ապաքինված մարդիկ պետք է հնարավորություն ունենան առանց սահմանափակումների ապագայի ծրագրեր կազմել, բնակարան գնել, ընտանիք կազմել և մյուսների հետ հավասար օգտվել ֆինանսական ծառայություններից։

«Մոռացված լինելու իրավունքի» ներդրմանն աջակցող ստորագրահավաքն արդեն հավաքել է ավելի քան 55 հազար ստորագրություն։ Պացիենտների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տվյալներով՝ քաղցկեղը հաղթահարած մարդկանց 77%-ը մասնավոր ապահովագրություն ձևակերպելիս բախվում է խտրականության։

Այդուհանդերձ, Գերմանիայի ապահովագրական ոլորտի ներկայացուցիչները կարծում են, որ հինգ տարվա հստակ ժամկետ սահմանելը կարող է վաղաժամ լինել։ Նրանց պնդմամբ՝ ապահովագրողները պետք է պահպանեն անհատական բժշկական ռիսկերը գնահատելու հնարավորությունը, քանի որ որոշ պացիենտների մոտ բուժումից հետո դեռ պահպանվում է հիվանդության կրկնության կամ երկարատև բարդությունների հավանականությունը։

Իրենց հերթին, ուռուցքաբանության ոլորտի մասնագետները նշում են, որ թեև պացիենտների մի մասի մոտ նոր ուռուցքների առաջացման ռիսկն իսկապես բարձր է, հաջողությամբ բուժված մեծամասնության համար այն էապես չի տարբերվում բնակչության միջին ցուցանիշից։ Բացի այդ, ժամանակակից բժշկության ձեռքբերումների շնորհիվ Գերմանիայում քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների ավելի քան 80%-ն այսօր լիովին ապաքինվում է։

Բժշկական ուռուցքաբանության եվրոպական ընկերությունը (European Society for Medical Oncology) կոչ է անում սահմանել միասնական եվրոպական չափորոշիչ, որն առնվազն հինգ տարվա ռեմիսիայից հետո հավասար հասանելիություն կապահովի ֆինանսական ծառայություններին։ Կազմակերպության տվյալներով՝ հատուկ օրենսդրական երաշխիքներ ներկայումս գործում են Եվրոմիության միայն 11 երկրում, մինչդեռ մյուսներում վարկերին ու ապահովագրությանը հասանելիությունը մեծապես կախված է պացիենտի բնակության երկրից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll