Զարկերակային ճնշման զգալի նվազեցումը կարող է էականորեն կրճատել ներուղեղային արյունազեղում ունեցած մարդկանց մոտ կրկնակի ինսուլտի ռիսկը՝ առանց լուրջ կողմնակի ազդեցությունների վտանգի մեծացման: Այս եզրահանգմանն են եկել The Lancet Neurology-ում հրապարակված խոշոր մետա-վերլուծության հեղինակները:
Հետազոտողները վերլուծել են չորս պատահականացված հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ներուղեղային արյունազեղում ունեցած 2944 մարդ: Դիտարկումը տևել է մինչև վեց տարի:
Կրկնակի ինսուլտ է արձանագրվել հակահիպերտենզիվ նշանակալի թերապիա ստացող պացիենտների 6,5%-ի մոտ՝ ստանդարտ կամ պակաս ակտիվ բուժում ստացող խմբի 10,4%-ի համեմատ: Այսպիսով, ճնշման զգալի նվազեցումը կրկնակի ինսուլտի ռիսկի 38% կրճատման է հանգեցրել:
Արդյունքի մեջ հիմնական ներդրումն ունեցել է կրկնակի ներուղեղային արյունազեղման ռիսկի նվազումը՝ մոտ 61%-ով: Ընդ որում, լուրջ անցանկալի երևույթներն ավելի հաճախ չեն հանդիպել. դրանք գրանցվել են զգալի բուժման խմբի պացիենտների մոտ 29%-ի և ստուգիչ խմբի 33%-ի մոտ:
Հատկապես ուշագրավ է, որ օգուտը պահպանվել է նույնիսկ այն պացիենտների մոտ, որոնց ճնշումն արդեն իսկ գտնվում էր ավանդաբար հանձնարարվող թիրախային միջակայքում: 130 մմ սնդ. սյուն կամ ավելի ցածր ելակետային սիստոլիկ ճնշում ունեցողների շրջանում կրկնակի ինսուլտ է տեղի ունեցել ստուգիչ խմբի պացիենտների 13,9%-ի և ավելի զգալի բուժում ստացողների միայն 6,2%-ի մոտ:
Ըստ հեղինակների գնահատականի, եթե առաջին տարվա ընթացքում այս եղանակով բուժվի 1000 պացիենտ, կարելի է կանխել մոտ 16 կրկնակի ինսուլտ:
Հետազոտողները կարծում են, որ արդյունքները կարող են ազդել ինսուլտի երկրորդային կանխարգելման մոտեցումների վրա: Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են ճնշման վերահսկողության հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, քանի որ դրան հաճախ խանգարում են դեղերի անկանոն ընդունումը և թերապիայի ոչ բավարար կարգավորումը:
Ներուղեղային արյունազեղումը շարունակում է մնալ ինսուլտի ամենածանր ձևերից մեկը: Ամեն տարի այն արձանագրվում է ավելի քան 3 միլիոն մարդու մոտ, իսկ դա վերապրածների մոտ մեկ քառորդը հետագայում մահանում է կրկնակի ինսուլտից կամ սիրտ-անոթային հիվանդություններից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում