Էկրանի սքրինշոթը կամ լուսանկարը, որն արվել է ինչ-որ բան մտապահելու նպատակով, իրականում կարող է դժվարացնել տեղեկության հետագա վերարտադրումը։ Նման եզրակացությանն ե հանգել Բինգհեմթոնի համալսարանի հետազոտողները:
Համալսարանի հոգեբանության ամբիոնի գիտնականները պարզել են, որ տեղեկության թվային արձանագրումը կարող է վատթարացնել նյութի կամ վերապրած իրադարձության մասին հիշողությունը, հատկապես երբ մարդը հետագայում չի դիտում պահպանված պատկերները: «Թվային ամնեզիա. սքրինշոթի հետևանքները» (Digital amnesia: The aftermath of a screenshot) վերնագրով հետազոտությունը հրապարակվել է Memory & Cognition գիտական հանդեսում:
Այդ երևույթը հայտնի է որպես լուսանկարելիս հիշողության վատթարացման ազդեցություն: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ որևէ իրադարձության ժամանակ լուսանկարելը կարող է թուլացնել հիշողությունն այն մասին, թե ինչ է մարդը լուսանկարել: Սակայն նկարների հետագա դիտումը և դրանք որպես հուշում օգտագործելը՝ հիշողությունները վերականգնելու համար, հակառակը, կարող է բարելավել երկարատև մտապահումը:
Խնդիրն այն է, որ մարդիկ հաճախ շատ ավելի մեծ քանակությամբ լուսանկարներ են անում, քան հասցնում են հետո դիտել: Ըստ գնահատականների՝ մարդը միջինում օրական անում է մոտ 20 լուսանկար, իսկ սովորական սմարթֆոնում պահպանվում է մոտ 2000 նկար:
«Եթե դուք ակտիվորեն չեք դիտում այդ պատկերները և չեք օգտագործում դրանք որպես հուշում՝ հիշողությունները վերականգնելու համար, դժվար թե դրանք ձեզ օգուտ տան»,- նշել է Բինգհեմթոնի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոկտորանտ և հետազոտության առաջատար հեղինակ Սոֆիա Ֆաբրիցիոն:
Ուշագրավ է, որ նախորդ հետազոտություններում հիշողության վատթարացում չի նկատվել, երբ պատկերներն ավտոմատ կերպով ֆիքսվել են դյուրակիր տեսախցիկի միջոցով: Դա թույլ է տալիս ենթադրել, որ խնդիրը կապված է ոչ միայն այն գիտակցման հետ, որ կատարվողն արձանագրվում է, այլ անմիջապես լուսանկարելու կամ սքրինշոթ անելու բուն գործընթացի հետ:
Բինգհեմթոնի հետազոտողներն անցկացրել են յոթ գիտափորձ՝ այդ ազդեցությունն ուսումնասիրելու համար: Մասնակիցները լուսանկարել են արվեստի գործեր, ինչից հետո գիտնականները ստուգել են, թե որքան լավ են նրանք հիշել դրանք: Որոշ գիտափորձերում օգտագործվել են նաև մաթեմատիկական խնդիրներ՝ պարզելու համար՝ արդյոք նկար ստեղծելու գործընթացը շեղո՞ւմ է ճանաչողական ռեսուրսները:
Գիտնականները տեղեկատվության թվային ամրագրման ակնհայտ առավելություններ չեն հայտնաբերել: Հակառակը, մասնակիցները, որպես կանոն, ավելի վատ են հիշել այն նյութերը, որոնք նրանք լուսանկարել կամ պահպանել են սքրինշոթի տեսքով:
Ինչո՞ւ են սքրինշոթները վատթարացնում հիշողությունը
Հետազոտողները դիտարկել են մի քանի հնարավոր բացատրություն.
Առաջինը՝ ուշադրության բաշխումն է: Լուսանկար կամ սքրինշոթ անելու համար մարդը ստիպված է իր ուշադրության և ճանաչողական ռեսուրսների մի մասն ուղղել տեղեկատվության ֆիքսման բուն գործընթացին: Հակառակ դեպքում այդ ռեսուրսները կարող էին օգտագործվել տեղեկությունները մշակելու և հիշողության մեջ պահպանելու համար:
Սակայն, գիտնականների կարծիքով, միայն այս բացատրությունը բավարար չէ: Հիշողությանն առնչվող նմանատիպ խնդիրներ նկատվել են նույնիսկ այն ժամանակ, երբ մասնակիցներին լրացուցիչ ժամանակ են տվել արվեստի գործերը դիտելու համար, կամ երբ պատկերի ստեղծման առաջադրանքն ավելի է հեշտացել:
Երկրորդ հնարավոր բացատրությունը՝ ճանաչողական բեռնաթափումն է: Երբ մարդը գիտի, որ տեղեկությունները պահպանված են ուղեղից դուրս ինչ-որ տեղ, նա կարող է ենթագիտակցաբար նվազեցնել այն ջանքերը, որոնք ծախսում է դրա մտապահման վրա: Ազատված ճանաչողական ռեսուրսները կարելի է ուղղել այլ առաջադրանքների կամ կատարվող իրադարձության այլ ասպեկտների վրա:
Բայց այդ տեսությունն էլ ունի սահմանափակումներ: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողությունը կարող է վատթարացած լինել նույնիսկ այն ժամանակ, երբ մասնակիցները գիտեին, որ իրենց արած լուսանկարներն անմիջապես ջնջվելու են:
Սքրինշոթներին առնչվող գիտափորձերում մարդիկ նաև ավելի վատ էին տարբերակում՝ արդյոք նկարել են պատկերը, թե պարզապես նայել են դրան։ Բացի դրանից, նրանք ավելի վատ էին մտապահում բուն արվեստի գործը, եթե սքրինշոթ էին արել դրանից։
Երրորդ հնարավոր բացատրությունը տեղի ունեցողի հանդեպ ուշադրության թուլացումն է։ Լուսանկարելու կամ սքրինշոթ անելու բուն գործընթացը կարող է ստիպել մարդուն ենթագիտակցաբար վերացարկվել տեղի ունեցող իրադարձությունից։
Ընդ որում, այդ ազդեցությունը կարող է տարածվել ոչ միայն անմիջականորեն արձանագրված տեղեկության վրա։ Օրինակ՝ մասնակիցների համար ավելի դժվար էր հիշել՝ արդյոք նրանք արվեստի գործի սքրինշոթ արե՞լ են, թե՞ պարզապես նայել են դրան։ Թանգարանային միջավայրում ավելի վաղ արված հետազոտության ժամանակ գիտնականները պարզել էին նաև, որ մարդիկ ավելի վատ էին հիշում այն վայրը, որտեղ գտնվում էին լուսանկարված ստեղծագործությունները։
Հետազոտողները ենթադրում են, որ նման ենթագիտակցական օտարվածությունը կարող է կապված լինել լուսանկարելու և սեփական հիշողությունից դուրս տեղեկությունները պահպանելու հնարավորության միջև վաղուց ձևավորված ասոցիացիայի հետ։
Ի՞նչը կօգնի ավելի լավ հիշել տեղեկությունները
Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հիշել տեղեկությունները, գիտնականներն առաջարկում են ավելի ավանդական միջոց. մի կողմ դնել հեռախոսը և թուղթ ու գրիչ ձեռքն առնել։
Երբ մարդը գրի է առնում տեղեկությունը, օրինակ՝ դասախոսության կոնսպեկտ է անում, նա ստիպված է այն մշակել և համակարգել, այլ ոչ թե սոսկ պահպանել պատկերի տեսքով։ Նա առանձնացնում է հիմնական մտքերը, համառոտագրում դրանք և կապեր ստեղծում տարբեր գաղափարների միջև։
Նման մտավոր ջանքերը երբեմն անվանում են «ցանկալի դժվարություն» (desirable difficulty). ուսուցման գործընթացում բարդության որոշակի աստիճանը կարող է նպաստել ավելի ամուր մտապահմանը։
Սակայն գրավոր գրառումները նույնպես միշտ չէ, որ օգնում են։ Դրանք ևս կարող են դառնալ ճանաչողական բեռնաթափման ձև։ Օրինակ՝ ընկերոջ ծննդյան օրն օրացույցում գրանցելուց և հիշեցում տեղադրելուց հետո, մարդը կարող է դադարել ինքնուրույն հիշել այդ ամսաթիվը։
Նույնը վերաբերում է սքրինշոթներին։ Եթե անեք մի քանի գիտակցված լուսանկար և հետագայում դրանք դիտեք, դրանք կարող են պահպանել հիշողությունը՝ մոտավորապես այնպես, ինչպես օրացույցի հիշեցումն է օգնում չմոռանալ սպասվող իրադարձության մասին։
Բայց երբ շարունակ սքրինշոթներ եք անում և թույլ եք տալիս դրանց կուտակվել՝ երբեք չնայելով դրանց, կարող է հակառակ ազդեցությունը լինել։
Հետազոտողները եզրակացնում են, որ տեղեկությունները պահպանելու համար կոճակի հաճախակի սեղմումը կարող է վատթարացնել հիշողությունը ոչ միայն արձանագրված նյութի, այլև, հնարավոր է, բուն իրադարձության ավելի լայն համատեքստի վերաբերյալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day