• Latest news

Սննդի ընդունման 8-ժամյա պատուհանը կապված է ինտերվալային ծոմապահության ընթացքում քաշի ավելի մեծ կորստի հետ․ Nutrition & Diabetes

16 սեպտեմբերի, 2026  12:39

Ինտերվալային ծոմապահության ընթացքում սննդի ընդունման 8-ժամյա պատուհանը կապված է քաշի ավելի մեծ կորստի հետ, քան 12-ժամյան, սակայն 8 և 10-ժամյա ռեժիմների միջև տարբերությունը վիճակագրորեն նշանակալի չի եղել։ Նման եզրակացության են հանգել հետազոտողները, որոնց աշխատությունը հրապարակվել է Nutrition & Diabetes ամսագրում։

Գիտնականները միավորել են 124 մարդու մասնակցությամբ անցկացված հինգ կլինիկական հետազոտությունների տվյալները։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 47 տարեկան, նրանց 67%-ը կանայք են եղել։ Բոլոր մասնակիցները սովորաբար սնունդ են ընդունել օրական առնվազն 14 ժամվա ընթացքում և ունեցել են մետաբոլիկ համախտանիշի առնվազն մեկ ախտանիշ։

Հետազոտողներն ուսումնասիրել են սննդի ընդունման ժամանակի սահմանափակմամբ ինտերվալային ծոմապահությունը՝ ռեժիմ, որի դեպքում մարդն ամեն օր սնվում է միայն որոշակի ժամանակահատվածում։ Հետազոտության ընթացքում համեմատվել են 8, 10 և 12 ժամ տևողությամբ ռեժիմները։ Մասնակիցներին չի հանձնարարվել սահմանափակել օրվա կալորիականությունը կամ սննդակարգից բացառել որոշակի մթերքներ։

Միջին հաշվով այն մասնակիցները, ում նշանակվել էր ինտերվալային ծոմապահություն, սննդի ընդունման օրական պատուհանը կրճատել են մոտ չորս ժամով և հետազոտության ընթացքում կորցրել 2,18 կգ: Ստուգիչ խմբերի մասնակիցների մոտ սննդի ընդունման ժամանակի էական կրճատում կամ քաշի նվազում չի արձանագրվել:

Քաշի ամենամեծ կորուստը նկատվել է սննդի ընդունման 8-ժամյա պատուհան ունեցող մասնակիցների շրջանում: Նրանք ավելի շատ են նիհարել, քան 12-ժամյա ռեժիմով ընթացողների և ստուգիչ խմբերի մասնակիցները: Ընդ որում, 8 և 10-ժամյա պատուհանների միջև տարբերությունը վիճակագրորեն նշանակալի չի եղել:

Սննդի ընդունման փաստացի ժամանակի վերլուծությունը նույնպես կապ է բացահայտել ավելի կարճ պատուհանի և քաշի ավելի մեծ կորստի միջև:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll