• Latest news▼

Շնչառությունը վերականգնվել է, իսկ քաշի ավելացումը շարունակվում է. ինչ է կատարվում քնի ապնոեի բուժումից հետո. Scientific Reports

11 նոյեմբերի, 2026  22:44

Գիտնականները հայտնաբերել են հնարավոր կենսաբանական մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչու որոշ չափահասներն ու երեխաները քաշ են ավալացնում օբստրուկտիվ քնի ապնոեի հաջող բուժումից հետո: Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ օրգանիզմը կարող է պահպանել շնչառության երկարատև խանգարման յուրօրինակ «մետաբոլիկ հիշողություն», որի պատճառով ախորժակը մնում է բարձրացած նույնիսկ նորմալ շնչառության վերականգնումից հետո: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports հանդեսում:

Հետազոտությունն անցկացրել են Իսրայելի Նեգեվի Բեն-Գուրիոնի համալսարանի և «Սորոկա» բժշկական կենտրոնի մասնագետները: Այն գլխավորել են «Սորոկա» բժշկական կենտրոնի քնի և արթնության խանգարումների բաժանմունքի ղեկավար Արիել Տարասիուկը և Բեն-Գուրիոնի համալսարանից Յաել Սեգևը:

Օբստրուկտիվ քնի ապնոեն տարածված խանգարում է, որի դեպքում շնչուղիները քնի ժամանակ պարբերաբար փակվում են: Բուժման համար օգտագործվում են, մասնավորապես, նշիկների և ադենոիդների հեռացումը կամ շնչուղիներում մշտական ​​դրական ճնշման թերապիան (CPAP): Սակայն բուժառուների զգալի մասի մոտ հաջող բուժումից հետո նկատվում է քաշի ավելացում, որի պատճառները մինչ օրս անհասկանալի էին մնում:

Մկների վրա կատարված փորձերում հետազոտողները բահայտել են մետաբոլիկ արձագանքի երկու փուլ: Շնչուղիների երկարատև խցանման ժամանակ օրգանիզմը զգացել է մշտական ​​ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որն ակտիվացրել է «խփիր կամ փախիր» արձագանքի համար պատասխանատու սիմպաթիկ նյարդային համակարգը: Դա բարձրացրել է էներգիայի ծախսը և հանգեցրել քաշի նախնական նվազմանը:

Շնչառության խոչընդոտի վերացումից հետո սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը միանգամից չի վերադարձել նորմային: Պահպանվող հիպերակտիվությունն ուղեկցվել է ախորժակի ուժեղացմամբ, և արդյունքում մկների մարմնի զանգվածն ավելացել է միջինում 15%-ով:

Սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվության նույնիսկ դեղորայքային նվազեցումը միայն մասամբ է սահմանափակել քաշի հավաքը: Հետազոտողների կարծիքով՝ դա մատնանշում է ավելի խոր փոփոխություններ. ճարպային հյուսվածքը և վեգետատիվ նյարդային համակարգը կարող են պահպանել կրած ֆիզիկական սթրեսի բջջային «հիշողությունը»:

«Երբ օբստրուկցիան վերացվում է, այդ մեխանիզմները անհապաղ չեն անջատվում: Վեգետատիվ նյարդային համակարգը շարունակում է աշխատել այնպես, կարծես ֆիզիկական սպառնալիքը դեռ գոյություն ունի՝ նպաստելով բուժումից հետո քաշի ավլացմանը»,- պարզաբանել է Տարասիուկը:

Հեղինակները կարծում են, որ ապնոեի բուժումից հետո որոշ բուժառուների կարող է անհրաժեշտ լինել ոչ միայն քնի և շնչառական համակարգի խանգարումների մասնագետների հսկողություն, այլև սննդակարգի և նյութափոխանակության վերահսկողություն: Սակայն առայժմ եզրահանգումները հիմնված են կենդանիների վրա կատարված փորձերի վրա, և մարդկանց մոտ այս մեխանիզմը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:

Ապագայում գիտնականները մտադր են ուսումնասիրել «մետաբոլիկ հիշողության» վրա ազդելու միջոցները, որպեսզի կանխեն քաշի ավելացումը նորմալ շնչառության վերականգնումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll