Այսօր ականջի առողջության եւ լսողության պահպանման միջազգային օրն է

3 մարտի, 2015  11:45

Այսօր՝ մարտի 3-ին, նշվում է ԱՀԿ-կողմից սահմանված ականջի առողջության եւ լսողության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing):

ԱՀԿ-ի տվյալներով՝ լսողության եւ ականջի հետ կապված խնդիրներով տառապում է ավելի քան 275 միլիոն մարդ: Ավելին՝ լսողության կորուստն այսօր  սենսորային հաշմանդամության աշխարհում ամենատարածված տարբերակներից մեկն է: 

Խլության եւ լսողության մասնակի կորստի հիմնական պատճառ են համարվում ականջի քրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ (կարմրուկն ու կարմրախտը, խոզուկը, մենինգիտը), ինչպես նաեւ արտաքին միջավայրի եւ մի շարք դեղամիջոցների վնասակար ազդեցությունը: Իսկ լսողական բնածին խնդիրների  պատճառ կարող են լինել ծնողների անառողջ ապրելակերպը կամ սեռավարակները, որոնք  առկա էին նրանց մոտ երեխայի բեղմնավորման պահին եւ հղիության ընթացքում: Բժիշկների կարծիքով՝ լսողական խնդիրների կեսից ավելին կարելի է վերացնել՝ ազատվելով դրանք հարուցող պատճառներից:

Լսողական բնածին կամ ձեռք բերված խանգարումներով մարդկանց կարելի է փոխհատուցել լսողության կորուստը կոխլեար իմպլանտացիայի միջոցով, որն իրականացվում է Հայաստանում արդեն 10 տարի: Վերջերս 10 ամսական երեխա է ենթարկվել այսպիսի վիրահատության : Կոխլեար իմպլանտացիայի միջոցով վերականգնել են նաեւ Քարվաճառցի աղջնակի լսողությունը :

Գիտնականներն այսօր աշխատում են լսողությունը վերականգնող նոր այլընտրանքային միջոցների մշակման ուղղությամբ: Այդպես, վերջերս ստեղծած սարքավորումը թույլ է տալիս լսել լեզվի միջոցով:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում