Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ նույնիսկ 20 տարեկան հիվանդների մոտ

3 մարտի, 2015  16:55

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության հատկանիշները 20-ամյա հիվանդների ուղեղում: Այս բացահայտումը թույլ է տալիս պնդել, որ հիվանդությունը սկսում է ձեւավորվել մարդու օրգանիզմում առաջին ախտանիշների ի հայտ գալուց 50 տարի առաջ:  Դա իր հերթին նշանակում է, որ մարդիկ տեսականորեն կարող են բուժում ստանալ մի քանի տարվա ընթացքում մինչեւ հիվանդության՝ ծերունական տկարամտության դասական ախտանիշների ի  հայտ գալը:

Չիկագոյի հյուսիս-արեւմտյան հետազոտական համալսարանի մասնագետները ուսումնասիրել են  ինչպես Ալցհեյմերից տառապող, այնպես էլ այդ հիվանդությունը չունեցող մահացած մարդկանց ուղեղի հյուսվածքների նմուշները: Ուսումնասիրվել են նաեւ 20-56 տարեկան 13 մարդկանցից վերցրած նմուշները: Ավելի երիտասարդ մարդկանց մոտ նրանց մահվան պահին հիշողության հետ որեւէ խնդիր չէր հայտնաբերվել: Թեստերը ցույց տվեցին, որ 20 տարեկանների ուղեղում սկսում են կուտակվել բետա-ամիլոիդները՝ տոկսիկ սպիտակուցները, որոնք առկա են Ալցհեյմերով տառապողների մոտ:

Ընդունված է կարծել, որ այս սպիտակուցները սկսում են ազդել մարդու ուղեղի վրա Ալցհեյմերի ախտանշանների ի հայտ գալուց 15-20 տարի առաջ, սակայն այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խնդիրները կարող են ավելի վաղ զգացնել տալ իրենց: Հետազոտության հեղինակները արձանագրած արդյունքներն աննախադեպ են համարում: Բետա-ամիլոիդների կուտակումը հայտնաբերվել էր այն նեյրոններում, որոնք մասնակցում են ընկալման եւ հիշելու հետ կապված գործընթացներին: Նորմալ ծերանալու, ինչպես նաեւ Ալցհեյմերի հիվանդության դեպքում այս նեյրոններն առաջինն են մահանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում