Տաղանդավոր մարդիկ ավելի հակված են հոգեկան խանգարումների

1 սեպտեմբերի, 2015  18:25

Շնորհալի մարդիկ կյանքում հաճախ դժբախտ եւ հոգեպես անկայուն են լինում: Նման եզրակացության են հանգել բրիտանացի հոգեբանները: Նրանք պարզել են, որ չափազանց ուժեղ ստեղծագործական մտածելակերպը որոշվում է գլխուղեղի այն նույն հատվածներով, որոնք մարդուն օժտում են նաեւ հոգեկան քրոնիկ դիսկոմֆորտի զգացումով:

Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետների խումբը ենթադրել է, որ մարդուն ոչ ստանդարտ մտածելակերպով օժտում է յուրօրինակ ակտիվությունը գլխուղեղի պրեֆրոնտալ կեղեւում: Նրանց համոզմունքով ուղեղի այդ նույն գոտում է գտնվում նեւրոտիկ վարքագծի աղբյուրը, որով էլ հենց պայմանավորված է հոգեկան խանգարումների մեծ սպառալիքը:

Գիտնականները եզրակացրել են, որ տաղանդավոր մարդկանց մոտ կա այս երկու գործոնների համադրություն: Առաջինը՝ նրանց ուղեղում կա պրեֆրոնտալ կեղեւի ինքնաբուխ ակտիվություն: Երկրորդ ՝ նրանց ուղեղում (նշաձեւ մարմնի միջուկում՝ ուղեղի զգացմունքային կենտրոնում) գործում է յուրատեսակ «անջատիչ», որի պատճառով ուժեղանում է տագնապալի զգացումների ինտենսիվությունը: Ոչ ստանդարտ մտածելակերպով մարդկանց ուղեղի աշխատանքի տվյալ առանձնահատկությունները բացահայտվել են սկանավորման արդյունքում:

«Բնածին հակումի պատճառով նեւրոտիզմի բարձր մակարդակով մարդկանց մոտ զարգացած երեւակայությունը աշխատում է որպես սպառնալիքի գեներատոր»,- պարզաբանել է հետազոտության ղեկավար բժիշկ Ադամ Փերքինսը:

Հոգեբանները համարում են, որ ստեղծագործական ունակությունները հետք են թողնում մարդու նյարդային համակարգի աշխատանքի վրա: «Նման մարդկանց համար ապրելը որպես կանոն, շատ դժվար է »- ասում են հետազոտողները: Եթե նրանց նեւրոտիզմի մակարդակը չափից շատ է բարձրանում, ապրումների նկատմամբ նրանց հակումը աճում է ու կարող է անցնել սահմանները՝ վերածվելով հոգեկան լուրջ խանգարման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում