Նստակյացությունը վտանգավոր է երեխայի սրտի համար

14 սեպտեմբերի, 2015  14:11

Քիչ շարժվելը ու ավելորդ քաշը վտանգավոր են ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար, հավաստիացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները:

Նստակյացությունն ու քաշի ավելցուկը կարող են թուլացնել անոթների առողջությունն արդեն մանուկ հասակից, նախազգուշացնում են նրանք:

Հետազոտելով 160 երեխաների՝ գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվության պակասը, ֆիզիկական թուլությունն ու ճարպի բարձր պարունակությամբ սնունդը կարող են անոթների կոշտության պատճառ դառնալ արդեն 6-8 տարեկանում: Ընդ որում պարզվել է, որ տարրական դասարանների այն աշակերտները, որոնք ֆիզիկական լավ պատրաստվածություն ունեն, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն եւ սննդակարգում՝ ճարպի ցածր տոկոս, որպես կանոն անոթների ավելի ճկուն պատեր ունեն: Այդ գործոնների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն ֆիզիկական պատրաստվածության եւ անոթային պատերի կոշտության միջեւ առկա կապն է անկախ մյուս գործոններից: Երեխաները, որոնց ֆիզիկական պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան նրանց հասակակիցներինը, նաեւ ավելի առողջ անոթային համակարգ ունեին:

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ կենսակերպի փոփոխությունը մանուկ հասակում կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը հետագա կյանքում, նշում են մասնագետները՝ շեշտելով, որ բարձր ինտենսիվության ֆիզիկական վարժությունները ցանկացած տարիքում են խիստ օգտակար անոթների առողջության համար:

Այս հետազոտության մասին հայտնում է Scandinavian Journal of Medicine и Science in Sports ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում