Ռուսաստանում առաջին անգամ դեմքի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել (ֆոտո)

27 նոյեմբերի, 2015  15:48

Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ դեմքի հյուսվածքների փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Վիրահատությունը հաջող է անցել, տեղեկացրել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: 

«Սա վիրավոր մարդուն դեմքի հյուսվածքների համալիրի ալլոփոխպատվաստման աշխարհում 32-րդ վիրահատությունն է. մարդու դեմքն այլանդակվել էր», - ասել է Սկվորցովան ՌԴ Պաշտպանական վարչության ազգային կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում: 

Նախարարը նշել է, որ չնայած վիրահատությունն անցկացվել է ավելի քան կես տարի առաջ, դրա հաջող ընթացքի մասին միայն այսօր կարելի է խոսել,  «որովհետեւ պիտի տեսնեինք, թե վիրահատությունից հետո ինչպես է ընթանալու վերականգնումը»:

Սկվորցովայի խոսքով, Ռուսաստանը դարձել է ութերորդ երկիրը, որը բարձր տեխնոլոգիաների շնորհիվ կարողացել է նման վիրահատություն իրականացնել, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

Նա նաեւ պատմել է, որ վիրահատության համար անհրաժեշտ է եղել լրջորեն փոփոխել նորմատիվ բազան: 

Ինչպես տեղեկացրել է Կիրովի անվան Ռազմաբժշկական ակադեմիայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ Մարիա Վոլոխը, Ռուսաստանում դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատության նախապատրաստությունը հինգ տարի է խլել, փորձարկումներ են կատարվել կրծողների վրա: 

«Մասնագետները առնետների դեմքի փոխպատվաստման վիրահատություններ են կատարել, ինչից հետո կրծողները եւս մեկ ու կես-երկու տարի ապրել են», - ասել է Վոլոխը:

Դարձյալ վիրահատության նախապատրաստման ընթացքում բժիշկները հիվանդի դեմքի թվային եւ նյութական  3-D մոդելներ են ստեղծել, որոնց վրա բազմիցս  կատարվել են դեմքի փոխպատվաստման առաջիկա վիրահատության  «փորձեր», ասել է Վոլոխը:

Դեմքի հյուսվածքների բարդ համալիրի փոխպատվաստման առաջին վիրահատությունն իրականացվել է Ֆրանսիայում` 2005-ին, երբ հիվանդի դեմքին, որին կծել էր շունը, փոխպատվաստել են կզակը, շուրթերը եւ քիթը: Աշխարհում ընդհանուր առմամբ  40 նման վիրահատություն է կատարվել, բայց 33-ն են հաջող համարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում