Ուշ երեկոյան ընթրելը վտանգավոր է ուղեղի համար. գիտնականներ

24 դեկտեմբերի, 2015  22:56

Ուշ ընթրիքը վտանգավոր է ոչ միայն կազմվածքի, այլեւ ուղեղի համար, զգուշացնում են Լոս Անջելեսում Կալիֆորնիական համալսարանի գիտնականները: 

Հետաքրքիր հետազոտության շրջանակում գիտնականները մկներին երկու խմբի են բաժանել: Մի խմբին երկու շաբաթ կերակրել են երեկոյան տասի եւ գիշերվա երեքի արանքում, իսկ մյուսին` առավոտվա իննից հետո: Ընդ որում, երկու խմբի մկները հավասարաչափ են քնել: 

Չնայած դրան, ոչ բոլոր կենդանիներն ունեին հանգստի եւ քնի հավասար պայմաններ, ինչն անհրաժեշտ է ուղեղի   «վերաբեռնման» համար, նրանց օրգանիզմի աշխատանքում ակնհայտ տարբերություններ էին նկատվում: Մասնավորապես, այն կենդանիների մոտ, որոնք ուշ ժամերի էին սնունդ ստանում, բացասական գործընթացներ էին արձանագրվել, որոնք վերաբերում էին ամբողջ վերին նյարդային համակարգին: 

Այդ փորձակենդանիները սկսեցին քնի դժվարություններ ունենալ, հետո էլ նրանց մոտ խախտվեցին օրվա ռիթմերը: Պարզվեց նաեւ, որ գիշերը սնվող կենդանիների օրգանիզմը սկսեց այլ եղանակով արտադրել սպիտակուցները, այդ թվում ` այնպիսի սպիտակուցներ, որոնք պատասխանատու են հիշողության եւ սովորելու կարողության համար: Արդյունքում այն մկները, որոնք սնվում էին քնի համար նախատեսված ժամերին, ավելի վատ անցան մտածողական թեստերը: 

Գիտնականները դեռ պիտի պարզեն, թե գիշերը սնունդ ընդունելը որքան բացասաբար է ազդում մարդկանց վրա, բայց նրանք վստահ են, որ արդյունքները նույնը կլինեն, ինչպիսին փորձակենդանիների մոտ էին: Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ ավելի վաղ արված հետազոտություններն արդեն բացահայտել են այն փաստը, որ երեկոյան հերթափոխին աշխատող մարդիկ ավելի վատ են կատարում մտավոր լարում պահանջող աշխատանքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում