Հայտնաբերվել է շիզոֆրենիայի գենը

29 հունվարի, 2016  23:45

Ամերիկացի գիտնականները գեն են հայտնաբերել, որը միանշանակորեն կապված է շիզոֆրենիայի զարգացման հետ: Վերջին տարիներին գիտության մեջ բազմաթիվ տեղեկություններ են հավաքվել շիզոֆրենիայի կենսաբանական արմատների` հիվանդության զարգացման գործում գենային մուտացիաների, իմունային համակարգի եւ միկրոբիոմի դերի մասին: Ամերիկացի մասնագետներին հաջողվել է շիզոֆրենիկների մոտ գենի տարբերակ հայտնաբերել, որի ազդեցությունը բացատրում է բոլոր այս երեւույթները:  

Գենետիկները եւ հոգեբույժները   30 երկրից 65 հազար մարդու վերաբերյալ տվյալների հսկայական բազա են հավաքել եւ սկսել են շիզոֆրենիայի հետ մեծ կապ ունեցող գենային մուտացիաներ փնտրել: Թեկնածուներից մեկը  C4 գենի տարբերակն էր:

Հայտնի է, որ այդ գենը պատասխանատու է սպիտակուցի արտադրության համար, որը նշում է պաթոգեն միկրոօրգանիզմները հետագայում դրանք իմունային համակարգի կողմից ոչնչացնելու համար:  Սակայն C4-ը կիրառվում է նաեւ սինապտիկ պրունինգում, որն ուղեղում ավելորդ կապերի հեռացումն է առավել հաճախակի գործածվող   «ուղիների» ամրապնդման համար: Պրունինգը տեղի է ունենում սեռական հասունացման ընթացքում: 

Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ  C4-ի ուժեղացված արտահայտումը հանգեցնում է սինապսների ավելի ինտենսիվ  «խուզման»: Գիտնականների կարծիքով, հենց դա է բարձրացնում շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը:  Նշվում է, որ շիզոֆրենիայի ախտանիշները սկսում են ի հայտ գալ պատանեկան հասակում:  Հասուն հիվանդների ուղեղի կեղեւում սինապսների հարաբերականորեն փոքր քանակությունը եւս հաստատում է նոր հիպոթեզը:  

Նոր բացահայտումը բժիշկներին շիզոֆրենիայի բուժման եւ նույնիսկ պրոֆիլակտիկայի համար ավելի արդյունավետ դեղամիջոց ստեղծելու  հույս է ներշնչել (ավելորդ սինապտիկ պրունինգը կանխարգելելու եղանակով): Ժամանակակից դեղամիջոցները հիմնականում ուղղված են հիվանդության ախտանիշների` զառանցանքի եւ զգայախաբությունների  ընդհատմանը:  

Մասնագետները գնալով ավելի հաճախ են արտահայտում այն կարծիքը, թե շիզոֆրենիան իրենից ոչ թե հիվանդություն է ներկայացնում, այլ` համախտանիշ` կոդային բառ, որն ապացուցում է հաղորդակցությունը հոգեբույժների, հիվանդների եւ գիտնականների միջեւ:  Ախտանիշների բազմակերպությունը վեճեր է ծնել այն մասին, թե արդյոք շիզոֆրենիան միատեսակ հիվանդություն է, թե այնպիսի ախտորոշում է, որի հետեւում մի շարք համախտանիշներ են թաքնված: Շիզոֆրենիայի գենետիկական հիմքը հայտնաբերելու մնացած բոլոր փորձերը ձախողվել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում