Այս լուսանկարները հնարավորություն կտան աշխարհին նայել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց աչքերով

10 փետրվարի, 2016  14:04

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աշխարհում տեսողական խնդիրներ ունեցող մոտ 285 մլն մարդ կա եւ մոտավորապես  39 մլն լիովին կույր մարդիկ: Clinic Compare կազմակերպության մասնագետների խումբը գիֆ-պատկերներ է ստեղծել, որոնք Ձեզ հնարավորություն կտան աշխարհին նայել կատարակտով, տարիքային մակուլյար դեգեներացիայով եւ աչքի այլ հիվանդություններով տառապող մարդկանց աչքերով: 

Կատարակտ

Կատարակտը աչքի բյուրեղի մթագնումն է, որն ազդում է տեսողության սրության վրա: Սովորաբար կատարակտը հանդիպում է տարեց մարդկանց մոտ, բայց մի շարք հիվանդություններ կարող են նաեւ երիտասարդների մոտ կատարակտի զարգացման հանգեցնել: Բարեբախտաբար, խնդիրը հնարավոր է լուծել վիրահատության միջոցով: 

Կատարակտն աշխարհում աչքի երկրորդ ամենատարածված հիվանդությունն է:

Տարիքային մակուլյար դեգեներացիա

Տարիքային մակուլյար դեգեներացիան եւս սովորաբար տարեցների մոտ է հանդիպում: Մակուլայի վնասման հետեւանքով, որն աչքի այն հատվածն է, որը պատասխանատու է կենտրոնական տեսողության համար, հիվանդություն ունեցող մարդը սկսում է անհամեմատ ավելի վատ տեսնել: Մոտավորապես այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:

Գլաուկոմա

Գլաուկոման հիվանդությունների խումբ է, որոնց դեպքում վնասվում է տեսողական նյարդը, որը ցանցենին միացնում է ուղեղին: Առայժմ գիտությանը հայտնի չէ գլաուկոմայի առաջացման իրական պատճառը:

Դիաբետիկ ռետինոպաթիա

Սովորաբար դիաբետիկ ռետինոպաթիան ի հայտ է գալիս դիաբետով հիվանդների մոտ. արյան մեջ գլյուկոզայի պարունակության բարձրացումից վնասվում են արյունատար անոթները, այդ թվում նաեւ` արյան անոթները, ինչի հետեւանքով վատանում է տեսողությունը: Եթե դիաբետիկ ռետինոպաթիան չբուժվի, կարող է տեսողության լիակատար կորստի հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում