Ինչպես ատամնաբուժական լավ կլինիկա ընտրել

10 փետրվարի, 2016  16:30

Հայաստանում այսօրվա դրությամբ ավելի քան 600 ատամնաբուժական կլինիկա է գործում: Նրանցից ինչպես ընտրել այն լավ կլինիկան, որտեղ Դուք համարժեք գումարի դիմաց կկարողանաք որակյալ սպասարկում ստանալ եւ որտեղից ձեզ հետ   «նվեր» չեք տանի  ՄԻԱՎ-ի կամ հեպատիտի տեսքով:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս կլինիկայի ընտրության հարցում ուշադրություն դարձնել նրա արտոնագրին: Այն, որ կլինիկան պիտի արտոնագիր ունենա, ինքնին հասկանալի է: Ուշադրություն դարձրեք, թե գործունեության ինչ տեսակներ է թույլատրում այդ արտոնագիրը. Արդյո՞ք իրավունք տալիս է վիրաբուժական միջամտություն, բուժում, իմպլանտացիա կամ այլ պրոցեդուրաներ իրականացնելու: Եթե պատրաստվում եք ատամ հեռացնել, իսկ  ձեր ընտրած կլինիկայի արտոնագրում   նշված չէ, որ այն վիրահատական միջամտության իրավունք ունի, գուցե արժե, որ Դուք ուրիշ կլինիկա փնտրեք: 

Մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաեւ կլինիկայի մաքրությանը եւ անձնակազմի մաքրասիրությանը: Օրինակ` ատամնաբուժական աթոռը պիտի մաքուր լինի.  այն պիտի մաքրեն ամեն հիվանդից հետո: 

Ուշադրություն դարձրեք նաեւ բժշկի օգտագործած գործիքներին: Մանրէազերծումից հետո գործիքները սովորաբար փաթեթավորում են հատուկ մանրէազերծված փաթեթներում, որոնց վրա գրվում է նաեւ այդ գործիքների «պիտանելիության ժամկետը». այն ժամանակը, որի ընթացքում դրանք մանրէազերծ կլինեն եւ պիտանի կլինիկայում օգտագործման համար:  Ցանկալի է, որ հենց Ձեր աչքի առաջ բացեն գործիքների փաթեթը. այդ դեպքում կկարողանաք  վստահ լինել, որ գործիքը համապատասխան մշակում է անցել եւ մանրէազերծ է: 

Ինչ վերաբերում է գներին, ընտրեք այն կլինիկան, որն ավելի համապատասխանում է Ձեր գրպանին: Սակայն Կարեն Գրիգորյանը զգուշացնում է, որ ատամնաբուժության մեջ չափից ավելի ցածր գներ լինել չեն կարող, որովհետեւ լավ նյութերի ինքնարժեքը բավականին բարձր է: Եթե կլինիկան չափից ավելի ցածր գներ է առաջարկում, ուրեմն ամենայն հավանականությամբ խնայողություն է անում կամ նյութի որակի վրա, կամ մաքրության կամ էլ, օրինակ, մանրէազերծման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում