• Latest news

Նոր շարժական կլինիկա-լաբորատորիան արդեն Երեւանում է (ֆոտո)

11 հուլիսի, 2016  15:28

Դեռեւս մի քանի տարի առաջ աշխատանքային միգրանտները` Հայաստանի բնակչության ՄԻԱՎ վարակի հանդեպ ամենախոցելի խավը, որին բաժին է ընկնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերվող բոլոր դեպքերի մոտ 57 տոկոսը, մի շարք պատճառներով դուրս էր մնում այդ հիվանդությունների ախտորոշման ծրագրերից: Իսկ այսօր շատ բան է փոխվել եւ շարժական բուժախտորոշիչ համալիրների շնորհիվ ՄԻԱՎ-ի ախտորոշումը հասանելի է դարձել նույնիսկ ամենահեռավոր շրջաններում: Այդ մասին, ելույթ ունենալով շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը, ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Շարժական երկրորդ բուժախտորոշիչ համալիրը, ինչպես առաջինը, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության կառավարությունից նվեր է ստացել այս տարվա մարտին EECAAC-2016 համաժողովի ընթացքում: Այսօր այն արդեն Երեւանում է եւ պատրաստ է աշխատանքի: Առաջին շարժական կլինիկան աշխատանքի գրեթե երկու տարվա ընթացքում ՄԻԱՎ-ի մի քանի հազար հետազոտություն է կատարել, իսկ երկրորդ կլինիկան, մասնագետների կարծիքով, կօգնի ՄԻԱՎ-ի ախտորոշման եւ հեռավոր մարզերի բնակչությանը բուժական ծառայություններ տրամադրելու աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնել:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշել է, որ հույս ունի, որ ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելման գործում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն ապագայում էլ կշարունակվի եւ Հայաստանը կկարողանա Ռուսաստանից ոչ միայն շարժական կլինիկաներ ստանալ, այլեւ բժշկական սարքավորումներ եւ այլ տեխնիկա:

«Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում մեզ նոր նախագծեր են սպասում, որոնք մենք համատեղ կիրականացնենք ի բարօրություն Հայաստանի ժողովրդի եւ դա կնպաստի մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը», - նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարում օգնության ռուսաստանյան ծրագրի շրջանակում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից շարժական երկրորդ բուժախտորոշիչ համալիրն է ստացել: Կլինիկայի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հինգերորդ համաժողովի ընթացքում (EECAAC-2016):

Առաջին շարժական բուժախտորոշիչ համալիրը Հայաստանին նվեր էր տրվել 2014-ի մայիսին Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Չորրորդ համաժողովի ընթացքում:
Արդեն երկու տարի է` այդ շարժական կլինիկան շրջում է երկրի շրջաններում` անվճար, անանուն հետազոտություններ կազմակերպելով տեղի բնակչության շրջանում: Կլինիկան օգնում է ՄԻԱՎ-ն ի հայտ բերել հեռավոր շրջաններում, որտեղ այդ հիվանդության հետ կապված շատ ծառայություններ քիչ մատչելի են: Միաժամանակ կլինիկան նաեւ մի շարք այլ ծառայություններ է տրամադրում (ԳՁՀ, արյան ընդհանուր անալիզ եւ այլն), ինչը եւս հեշտացնում է ՄԻԱՎ-ի ախտորոշումը. մարդիկ չեն ամաչում օգտվել կլինիկայի ծառայություններից, որովհետեւ ՄԻԱՎ-ի թեստը հանձնում են մի շարք այլ անալիզների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է