Կայլա Գայտանն ու նրա ամուսինը՝ սերժանտ Չարլզ Գայտանը, տոնում են ոչ միայն Ամանորն ու Սուրբ Ծնունդը, այլեւ քառյակի ծնունդը, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով, առանց վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման: Ավելին, Կայլան բուժվում էր Հոջքինսի լիմֆոմայից:
29-ամյա Կայլան քիմիաթերապիայի 5 կուրս է անցել, իսկ հետո իմացել, որ հղի է: Կայլան, որն արդեն 2 երեխա ունի, ուրախացել է լուրից եւ անմիջապես զանգահարել ամուսնուն: Ավելի ուշ պարզվել է, որ արգանդում ոչ թե մեկ, այլ չորս երեխա կա:
«Ես պետք է մինչեւ 34 շաբաթ հղիություն տանեի: Մտածեցի, որ եթե կարողացա հաղթահարել քաղցկեղը, կկարողանամ նաեւ մինչեւ 34 շաբաթ պահել քառյակին: Ես անընդհատ ինձ ասում էի, որ կարող եմ անել դա»,- News 2-ին տված հարցազրույցում ասել է Կայլան:
Մեկ ամիս առաջ, սակայն, Կայլայի մոտ նորից քաղցկեղի նախանշաններ են ի հայտ եկել, իսկ բիոփսիան հաստատել է, որ հիվանդությունը վերադարձել է: Կայլան եւ ամուսինը հուսահատվել են. նրանք այնքան ջանք էին ներդրել՝ լիմֆոմայի դեմ պայքարելու համար, իսկ հիմա նորից ստիպված էին անցնել այդ ամենի միջով: Ավելին, այս անգամ Կայլան հղի էր. խոսքն արդեն ոչ միայն նրա կյանքի ու առողջության մասին էր:
Փոքրիկները ծնվել են դեկտեմբերի 30-ին՝ հղիության 30-րդ շաբաթվա ընթացքում: Աղջիկներին կոչել են Լիլիան եւ Վիկտորիա, տղաներին՝ Մայքլ եւ Չարլզ: Երեխաներն առողջ են, բայց դեռ մեկուկես ամիս պետք է մնան Vanderbilt University Medical Center-ում:
Իսկ նրանց մայրը պետք է նորից քիմիաթերապիա անցնի, որը, հավանաբար, 16 ամիս կտեւի: «Մենք գիտենք, որ Աստված մեզ հետ կապված այլ ծրագրեր ունի, եւ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Կայլան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր